ՀԱԿ-ն ունի ռազմավարություն, բայց չի մանրամասնում
30/10/2009 19:11

ՀԱԿ-ն ունի ռազմավարություն, բայց չի մանրամասնում

«Հանրահավաքը կարող է լինել և' մի քանի օրից, և' մի քանի ամսից: Նշել կոնկրետ օր, թե այս տարի տեղի կունենա կամ չի ունենա, կարծում եմ` ճիշտ մոտեցում չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Ըստ Ա. Մուսինյանի, հանրահավաքի անցկացումը «չի որոշում որևէ անձ կամ որևէ քաղաքական ուժ, այլ ինքը` քաղաքական պրոցեսը, հանգեցնում է այնպիսի իրողության, որտեղ հանրահավաքը դառնում է օգտակար, նպատակին ծառայող միջոցառում»: Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ հանրահավաք անցկացնելու համար չկան նաև համապատասխան համագործակցության հիմքերը:

Այս առումով` խոսելով ՀԱԿ նախաձեռնություններից, մամուլի խոսնակը նշեց, որ մշակվում է ռազմավարություն: Թե խոսքը հատկապես ինչ ռազմավարության մասին է, Ա. Մուսինյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ «անբարեխիղճ է կարծելը», թե այդպիսի ռազմավարություն չկա:

«Այս պահի դրությամբ դիրքորոշումների համընկնման առումով դեռևս չի ստեղծվել այն ակումուլյացիոն դաշտը, որը թույլ կտար նոր հանրահավաք անել, բնականաբար, արդեն քաղաքական տարբեր միավորումների հետ կամ, միգուցե, առանձին»,- ասաց Ա. Մուսինյանը:
 

ՀԱԿ-ն ունի ռազմավարություն, բայց չի մանրամասնում