.jpg)
«Արմթեքն» այս տարի գրանցել է «որակակն աճ»
«Այսպիսով փորձ է արվում Հայաստանը կապել բարձր տեխնոլոգիաների աշխարհի կենտրոնի հետ, որտեղ բոլոր նոր գաղափարներն ու արժեքներն են ստեղծվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` «Արմթեք 2009»-ը համաժողովի վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ «Արմթեք 2009»-ը համաժողովը տեղի է ունենալու նոյեմբեր 5-8-ը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սիլիկոնյան հովտում: Համաժողովի կազմակերպիչն են ՀՀ Կառավարությունը և «Սինոփսիս» ընկերությունը:
Գնահատելով միջոցառումը, որը երկրորդ անգամ է տեղի ունենում Սիլիկոնյան հովտում (Aysor` առաջինը տեղի է ունեցել 2007 թ-ին), Ն. Երիցյանը «որակական աճ» գրանցեց` «և’ համաժողովի մասնակիցների ցանկով, և’ մասնակիցների պատասխանատվության աստիճանով` ստատուսով, և’ այն հարցերի շրջանակով, որոնք պետք է ներկայացվեն»: Նա նշեց, որ այս տարի «շատ ուժեղ է լինելու Կառավարության ձայնը` նպաստելու և’ Հայաստանի, և’ Սփյուռքի ներուժը միասին հավաքելուն»:
«Կառավարությունը պետք է առաջնորդի, որ այն դառանա հեղինակավոր և բարձր հաջողությունների հասած ֆորում-կոնգրես»,- ընդգծեց Ն. Երիցյանը և հավելեց. «Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում համաժողովը պետք է զարգանա և դառնա գլոբալ ֆորում, որտեղ կքննարկվեն և’ հայկական, և’ միջազգային թեմաներ»:
Խոսելով համաժողովի օրակարգից` Ն. Երիցյանը նշեց, որ «պլենար նիստերում կտեսնենք բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայացուցիչների, որոնց մեծ մասն ընդհանրապես կապ չունեն Հայաստանի հետ, բայց խոսելու են աշխարհի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մարտահրավերներից, և նաև տալու են որոշակի ուղերձ, թե ի՞նչ պետք է անի Հայաստանի պես երկիրը, որ իրենք հետաքրքրված լինեն` Հայաստանում ներդրումներ անել»: