.jpg)
ԱԺ-ում քննարկվում է 2010 թ. բյուջեի նախագիծը
Այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2010 թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք միտված են լինելու շարունակել հակաճգնաժամային քաղաքականության հետևողական իրականացմանը և ապահովել հետճգնաժամային կայուն զարգացման հիմքեր` միաժամանակ իրականացնելով նաև զարգացմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումները:
«Այն ինչ արվեց այս տարի, կրում էր ժամանակավոր բնույթ և պայմանավորված էր ճգնաժամով: Հաջորդ տարի կանխատեսում ենք, որ երկիրը կմտնի կայունացման փուլ, և նույնիսկ կանխատեսում ենք ՀՆԱ 1.2 % աճ հաջորդ տարվա համար և կփորձենք ավելի զգուշավոր լինել և առաջիկա տարիներին վերադառնալ բյուջեի այնպիսի մակարդակի, որ ունեինք մինչև ճգնաժամը»,- ասաց Տ. Դավթյանը:
2010 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է ներդրումների մակարդակը ՀՆԱ համեմատ 29.2 %, սպառում/ՀՆԱ` 95.1 %, միջին գնաճը 2.8, հարկեր/ՀՆԱ` 16.6 %: Նախագծով նախատեսվել է եկամուտներ` 676.7 մլրդ դրամ, ծախսեր` 859.7 մլրդ դրամ, պակասուրդ/ՀՆԱ` 5.7 % կամ 183 մլրդ դրամ:
Ծախսերի ամբողջ ծավալի 85.7 %-ը կամ 736.6 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին,14.3 %-ը կամ 123.0 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Նախագծի ծախսային մասը ՀՀ 2009 թ. պեական բյուջեի մակարդակի համեմատ նվազել է 40.8 մլրդ դրամով, իսկ սպասողական կատարողականի նկատմամբ` 5.4 մլրդ դրամով:
«ՀՀ կառավարությունը 2010 թ. կշարունակի իրականացնել ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը, որը նպատակաուղղվելու է ամբողջական պահանջարկի խթանմանը»,- հավաստեց Տ. Դավթյանը:
Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը Աժ մշտական հանձնաժողովներում քննարկումներից հետո առաջարկություններով վերադարձվում է ՀՀ կառավարություն` լրամշակման համար: