.jpg)
Տ. Սարգսյանն ամփոփեց անցնող տարին
Այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2009 թ. բյուջեի վերլուծությունը, թե ինչ հակաճգնաժամային քայլեր են կիրառվել և ինչ հիմքեր են ստեղծվել երկրում կայուն զարգացման և որակապես նոր տնտեսության ձևավորման համար:
Անդրադառնալով իրականացված հակաճգնաժամային գործողություններին, որոնք արդեն իրականացվել են, Տ. Սարգսյանը նշեց, որ կատարվել են տարածաշրջանային նշանակություն ունեցող և բնականոն գործունեությունն ապահովող միջոցառումներ, որոնցից առաջինը նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներն են եղել, մինչև 2009 թ. ավարտը հանրապետությունում շահագործման կհանձնվեն կամ կվերանորոգվեն 365 կմ ճանապարհներ` 2008 թ. 163 կմ դիմաց, ջրամատակարարման համակարգի վերականգնման առումով կատարվել են 14 մլրդ դրամի աշխատանքներ` վերանորոգվել է 300 կմ ներքին ցանց և 50-ից ավելի պոմպակայաններ, աղետի գոտու հետ կապված` մինչև այս տարվա վերջը կծախսվի մոտ 25 մլրդ դրամ, կկառուցվի 1760 բնակարան և 118 հզ. քմ մակերեսով բնակելի տարածք, կտրամադրվի 407 մլն դրամի բնակարանների գնման վկայականներ: ՀՀ Վարչապետի ներկայացմամբ, իրականացվում են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրի նախագծման աշխատանքները, կոնկրետ քայլեր են կատարվում նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նպատակով, հիմնադրվել է Համահայկական բանկը, որն իր գործունեությունը կսկսի 2010 թ.:
ՓՄՁ օժանդակության նպատակով Տ. Սարգսյանը կարևորեց ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, նաև Վարկային ունիվերսալ կազմակերպության ստեղծումը, որը խթանում է ՓՄՁ զարգացումը:
«Ընդհանուր առմամբ, ՓՄՁ ոլորտի աջակցությանն է ուղղվել ռուսական վարկից 18.5 մլրդ դրամ` բանկային համակարգի միջոցով, KfW բանկից` 17 մլրդ դրամ, ՓՄՁ ԶԱԿ-ին և Վարկային ունիվերսալ կազմակերպությանը` համապատասխանաբար` 3.7 մլրդ և 6.4 մլրդ դրամ»,- նշեց Տ. Սարգսյանը` հավելելով, որ կատարվել են նաև հարկային բարեփոխումներ, մրցակցային միջավայրի ստեղծման աշխատանքներ և այլն:
«Բիզնես միջավայրի բարելավման միջոցառումներն արդեն իսկ տվել են դրական արդյունք և, մանավորապես, ՀԲ Doing business-ի չափանիշներով, չնայած ճգնաժամային իրավիճակին, մենք 7 աստիճանով բարելավել ենք ռեյտինգը` 50-ից այն հասցնելով 43-ի»,- փաստեց Տ. Սարգսյանը:
Նա հավաստեց, որ 2010 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է շարունակել հակաճգնաժամային միջոցառումները: