Բարելավվել է ճանապարհային կարգ ու կանոնը
30/10/2009 17:12

Բարելավվել է ճանապարհային կարգ ու կանոնը

Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ 2006 թ.-ի ապրիլ ամսից ՀՀ նախագահի որոշման համաձայն սկսվել է ճանապարհային ոստիկանության ոլորտի փոփոխությունների գործընթացը, ըստ այդ գործընթացի նախատեսվել էր 39 միջոցառում:

«Բոլոր միջոցառումները կատարվել են, այլ հարց` թե ի՞նչ որակական արդյունք ունենք»,- ասաց Էդուրադ Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ որոշումից հետո ճանապարհներին քիչ թե շատ կարգ ու կանոն է ստեղծվել:

Է. Հովհաննիսյանը փաստեց, որ ճանապարհային կանոնակարգումը որոշ չափով կատարվել է Երևանի կենտրոնում, իսկ կենտրոնական շրջանից դուրս` ոչ այնքան, իսկ մարզերում ընդհանրապես բացակայում է ճանարհային կանոնակարգված երթևեկությունը:

Նա առաջարկեց, որ ճանապարհային ոստիկանությունը «ուշադրությունը բևեռի նաև մարզերին», քանի որ նման աշխատանք անելու համար ճանապարհային ոստիկանությունը համալրվել է «400 տոյոտա մակնիշի մեքենայով»:

«Այդ մեքենաները բարելավել են ճանապարհային ոստիկանության շարժական հսկողությունը»,- նշեց Է. Հովհաննսիյանը և հավելեց, որ ոստիկանների հավաստմամբ` ճանապարհային վերահսկողությունը ավելի արդյունավետ է դարձել:

Բանախոսը արձանագրեց, որ 2008 թ.-ին արձանագրվել է 411.000 ճանապարհային խախտում` 2007 թ.-ի 117.000-ի դիմաց: ՀԿ-ի նախագահը հավաստեց, որ խախտումների այդպիսի աճն էլ հենց ստիպել է կարգ ու կանոն հաստատել ճանապարհներին, սակայն այդ աշխատանքները դեռևս բավարար չեն համալիր ճանապարհային կարգուկանոն ունենալու համար:
 

Բարելավվել է ճանապարհային կարգ ու կանոնը