Հայաստանում H1N1 գրիպի դեպքեր չկան
30/10/2009 17:20

Հայաստանում H1N1 գրիպի դեպքեր չկան

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը և Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Մասնագետները անդրադարձան Հայաստանում H1N1 գրիպի կանխարգելման համալիր միջոցառումներին և փաստեցին, որ առ այսօր Հայաստանում H1N1 գրիպի դեպք չի արձանագրվել:

Սակայն Ա. Վանյանը նշեց, որ գրանցվել են H1N1 գրիպի կասկածելի 10 դեպք, որոնք համապատասխան ստուգումներից հետո չեն հաստատվել և հավաստեց, որ Հայաստանում ամեն ինչ արվում է, որպեսզի թույլ չտրվի վարակի մուտքը հանրապետություն:

«Մտահոգիչ է, որ H1N1 գրիպը բավականին մեծ տարածում գտավ ողջ աշխարհում»,- ասաց Արտավազ Վանյանը և հավելեց, որ ՀՀ կառավարության կողմից դեռևս փետրվարին ընդունվել է հնարավոր համաճարակային կանխարգելման նախապատրաստվածության ծրագիրը և այդ ծրագիրը հնարավորություն է տալիս ամբողջովին իրականացնել հակագրիպային կանխարգելիչ միջոցառումներ:

Ա. Վանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը հագեցած է բոլոր անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով, որոնք թույլ են տալիս լիարժեք ախտորոշում անցկացնել:

Իր հերթին գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը փաստեց, որ ամբողջ աշխարհում գրանցվել է H1N1 գրիպի վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 414.000 դեպք: Եվ չնայած որ Հայստանում H1N1 գրիպի դեպք չի արձանագրվել, սակայն հանրապետությունը ունի համապատասխան բուժող դեղամիջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում, ըստ գլխավոր ինֆեկցիոնիստի, դեղամիջոցների պաշարները կհամալրվեն:
 

Հայաստանում H1N1 գրիպի դեպքեր չկան