Արձանագրություններն արագացնու՞մ են Ջավախքի հայաթափությունը
30/10/2009 19:38

Արձանագրություններն արագացնու՞մ են Ջավախքի հայաթափությունը

«Արտաքնապես թվում է, թե հայ-թուրքական հարաբերությունները որևէ ազդեցություն չպետք է ունենան Ջավախքի վրա, քանզի Ջավախքը գտնվում է Վրաստանի վարչական կազմի մեջ, բայց իրականությունը բոլորովին այլ է, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները` իրենց բնույթով, միտված են լուրջ քաղաքական, նաև ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցություն ունենալու ամբողջ տարածաշրջանի վրա, իսկ տարածաշրջանի ամենակարևոր, լարված ու նախակոնֆլիկտային տարածքներից մեկը Ջավախքն է` իր բոլոր հարցերով»,- համոզված է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:

Հ. Ալվրցյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ և արձանագրությունների վավերացմամբ երկու պետությունները պարտավորություններ են ստանձնում: Նրա կարծիքով, Հայաստանը, ստանձնելով մի շարք պարտավորություններ, նաև «հրաժարվում է Հայ դատի հետապնդումից»:

Որպես իր այս տեսակետի ապացույց` Հ. Ալվրցյանը մատնանշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` արձանագրությունների ստորագրման օրը, որտեղ նախագահը «նշել է չորս հիմնական վտանգները» և հավելեց, որ «տարօրինակ է, որ այդ վտանգները զգալով հանդերձ` արձանագրություններ ստորագրվեցին և պատրաստվում են վավերացման»:

Այսպիսով, ըստ Հ. Ալվրցյանի մեկնաբանությամբ, ջավախքահայությունը կզգա Հայաստանի ստանձնած պարտավորույթունների ազդեցությունը, ինչպես նաև` կզգա հոգեբանական ազդեցություն:

«Հայաստանը, ուղղակիորեն Ցեղասպանության ճանաչումից հրաժարումով, հողային պահանջմունքից հրաժարվելով, ջավախքահայությանը գցում է հոգեբանական բարդ կացության մեջ»,- գտնում է Հ. Ալվրցյանը:

Հոգեբանական ազդեցություններից հիմնադրամի տնօրենը մեջբերեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի «Հայաստանի իշխանությունները պատասխանատու են 3 միլիոն հայերի համար» և հավելեց. «Այս թվից դուրս է մնում ինչպես ամբողջ սփյուռքահայությունը, Արցախի հայությունը, այնպես էլ Ջավախքի հայությունը»:

«Ուղղակի Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ իրենք Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ այլ տարրի հայության շահերը չեն պաշտպանում, թեկուզ այդ հայությունն ապրի իր պատմական հայրենիքում` Ջավախքում»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Հ. Ալվրցյանն ու հավելեց, որ «սա լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն կունենա Ջավախքի վրա և Ջավախքի հայաթափությունն արագացնելու միտում ունի»:
 

Արձանագրություններն արագացնու՞մ են Ջավախքի հայաթափությունը