.jpg)
Բողոքում են ՀԿ-ները
Այսօր «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը, «Ինտերնյուս» ՀԿ իրավաբան Մովսես Հակոբյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի խորհրդի անդամ Սոնա Այվազյանը ներկայացրեցին մոտ 100-ի հասնող հասարակական կազմակերպությունների բողոքը «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նախագծի դեմ: Նրանք այդ նախագիծը գնահտում են որպես ՀԿ-ների պետական ճնշման գործիք և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր:
Փոփոխություններով նախատեսվում է, որ ՀԿ-ները ոչ պակաս քան հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով պետք է հրապարակեն տարեկան հաշվետություն` կազմակերպության գործունեության, գույքի օգտագործման և ֆինանսական միջոցների մասին:
«Փոփոխությունները էական սպառնալիք են ստեղծում հասարակական գործունեության համար և կարող են խոչընդոտել միավրումներ ստեղծելու մարդու իրավունքների և ազատությունների իրականացմանը»,- հայտարարեց Ս. Այվազյանը` նշելով, որ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԿ-ները չեն տեղեկացվել և հանրային քննարկումներ չեն իրականացվել:
Նրա համոզմամբ, օրինագծով ապահովվում է պետական կառույցների միջամտությունը ՀԿ-ների գործունեության մեջ` դրանով իսկ ազդելով ինքնակառավարման սկզբունքի իրականացման վրա:
ՀԿ-ների համար այս օրինագիծը առաջացնում է ֆինանսական հաշվետությունների ներկայացմանն առնչվող ավելորդ վարչարարություն` կրկնելով վերահսկողական այլ պետական կառույցների գործառույթները:
«Օրենքը բերում է մի քանի այնպիսի դրույթներ, որոնք ավելի շատ պիտի արգելակեն քաղաքացիական հասարակության զարգացմանը, քան հակառակը, օրինակ` բերում է գործառույթների կրկնություն` բոլոր ՀԿ-ները հաշվետություն են ներկայցնում ՊԵԿ-ին, և տարօրինակ է` պիտի նույն գործառույթը ներկայացվի Արդարադատության նախարարություն, ու նաև պիտի հրապարակվի ԶԼՄ-ներով: Դա ավելի է բարդացնում աշխատանքը»,- վրդովվեց Ա. Եղոյանը:
Մ. Հակոբյանը, կարևորելով ՀԿ-ների գործունեության թափանցիկությունը, նշեց, որ խնդիրն այն է, թե ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում դրա իրականացումը. «Մեր առարկությունները հիմնված են միջազգային լավագուն փորձի և պարտավորությունների վրա, որ ստանձնել ենք ԵԱՀԿ-ին և ԵԽ-ին միանալիս»:
Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբը ՀՀ կառավարությունից պահանջում է Աժ-ից ետ կանչել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, այն լրամշակել` ներառելով ՀԿ-ների արդյունավետ ու թափանցիկ գործունեությանն ու ֆինանսական կայունությանն ուղղված այլ առաջարկները և ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին, օրինագիծն ընդունել` ապահովելով միջազգային փորձաքննություն և հասարակայնության լայն մասնակցություն: