ՀՀ նախագահին հավատարմագրեր է հանձնել Աչալ Կումար Մալհոթրան
30/10/2009 15:15

ՀՀ նախագահին հավատարմագրեր է հանձնել Աչալ Կումար Մալհոթրան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Ճշմարտություն է, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ են զարգանում և բարեկամական են, ճշմարտություն է նաև այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե հինգհարյուր տարի. հարաբերությունների ներկա մակարդակը խոսում է այն մասին, որ այդ ընթացքում չենք ունեցել լուրջ խնդիրներ, և տարիների փորձը մեզ համար օգտակար է նաև այսօր»:

Սերժ Սարգսյանի խոսքով` «հնդկահայ համայնքն ամենանշանակալի և ծանրակշիռ համայնքներից մեկն է, և պատահական չէ, որ Հնդկաստանում է առաջին անգամ հրատարակվել հայատառ թերթ»:

«Պատմական խորը արմատները և երկու երկրների միջև խնդիրների բացակայությունը լավ հիմք են, որպեսզի մենք լավատես լինենք մեր հարաբերությունների ապագայի հանդեպ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Դեսպան Մալհոթրան իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև կա գերազանց փոխըմբռնում, և Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ավելի ամրապնդել կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում:

Խոսելով երկու ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող փոխհարաբերությունների մասին` դիվանագետն ասել է, որ հայ առևտրականները հնդկական շուկաները հայտնաբերել են շատ ավելի վաղ, քան եվրոպացիները:

Նա կարևորել է հնդկահայերի մեծ դերը երկրի պատմության ողջ ընթացքում և շեշտել, որ նրանք այսօր էլ էական ներդրում ունեն Հնդկաստանի բազմակրոն, բազմամշակույթ ու բազմադեմ հասարակության մեջ:

Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով: Դեսպան Մալհոթրան ասել է, որ իր երկիրը մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել և հուսալի գործընկեր է:

Կողմերը գոհունակությամբ փաստել են նաև միջազգային ատյաններում հայ-հնդկական բավականին արդյունավետ համագործակցությունը, և երկու երկրների համար կարևորագույն հարցերի շուրջ միմյանց հավասարակշիռ վերաբերմունքը:

Հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին` Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կարևոր ներդրում կունենա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 

ՀՀ նախագահին հավատարմագրեր է հանձնել Աչալ Կումար Մալհոթրան