«Ջավախքում քաղաքական կյանքը տնօրինում են ՀԿ-ները»
30/10/2009 19:50

«Ջավախքում քաղաքական կյանքը տնօրինում են ՀԿ-ները»

«Ջավախքում չի ընկալվում վրացական կուսակցությունների գործունեությունն ու գոյությունն ընդհանրապես, կամ հակառակը` վրացական կուսակցությունները որևէ գործունեություն չեն իրականացնում Ջավախքում»,- հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:

Վ. Սարգսյանի խոսքերով, Ջավախքում քաղաքական կյանքը տնօրինում են ՀԿ-ները, քանի որ հայկական կուսակցություններն այնտեղ չեն գործում, իսկ տեղում հայկական կուսակցություների գրանցումը արգելված է: Միևնույն ժամանակ, նա ներկայացրեց մի շարք հետաքրքիր փաստեր Ջավախքում գործող կազմակերպությունների վերաբերյալ:

«2008 թ-ին մայիսին Ջավախքում անցկացվել են հարցումներ, թե 12 կուսակցություններից ու դաշինքներից քանիսի՞ն եք ճանաչում: Ջավախքում հայկական բնակչությունը միջին հաշվով տեղյակ է եղել մոտ 2 կուսակցության կամ դաշինքի մասին»,- հայտնեց Վ. Սարգսյանը:

Փորձագետի հաղորդած տվյալների համաձայն` ներկայումս 152 ոչ կառավարական քաղաքական ու հասարակական կազմակերպություններ են գործում ամբողջ Սամցխե-Ջավախքում, որոնք, սակայն, անհավասարաչափ են բաշխված: 46 հազար բնակչություն ունեցող Ախլցխայում գործում են 77 ՀԿ-ներ, իսկ 60 հազար բնակչություն ունեցող Ախալքալակում` 23 ոչ կառավարական կազմակերպություններ:

Միևնույն ժամանակ Վ. Սարգսյանը հստակեցրեց, որ, օրինակ, Ախալցխայում գործող 77 ՀԿ-ներից միայն 8-ն են հայկական, որոնք էլ շատ թույլ են գործում, իսկ ակտիվ կազմակերպությունների ղեկավարները ձերբակալվում են: Նա նշեց, որ մնացած կազմակերպությունները կա'մ վրացական են, կա'մ միջազգային, որոնք ուղղորդվում են Թբիլիսիի կողմից:
 

«Ջավախքում քաղաքական կյանքը տնօրինում են ՀԿ-ները»