«Գտնել մեղավորին, գցել ռինգ ու քարկոծել»
30/10/2009 15:38

«Գտնել մեղավորին, գցել ռինգ ու քարկոծել»

«Օգոստոսի 23» ազգային դաշինք իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պուշկին Սերոբյանն այսօր ասուլիսում ասաց, թե Հայաստանը թռիչքաձև է զարգանում, բայց գաղափարախոսական աշխատանքը դառնում է հովհարային:

«Մի քանի տարի անց հատ-հատ կհաշվենք, թե քանի՞ հայ է մնացել Հայաստանում: Անգամ Ռուսաստանն արդեն գնում է դեպի մուսուլմանացում: Բայց մենք այսօր ավելի ուժեղ ենք, քան Թուրքիան: Հայաստանը մոնոլիտ երկիր է, մենք կարող ենք ունենալ մեր ազգային գաղափարախոսությունն ու կրոնը: Իսկ Էջմիածինն այսօր դարձել է հյուրերին ընդունելու վայր»,- նշեց Սերոբյանը:

Աղանդներն էլ, Պ.Սերոբյանի խոսքով, վխտում են երկրով մեկ և դարձել են «ահասարսուռ»:

Նա կոչ արեց մտածել կրոնը բարձր պահելու մասին:

Միևնույն ժամանակ, Սերոբյանը հիշեց, որ դեռևս երկու տարի առաջ Ադրբեջանը լույս ընծայեց «Արևմտյան Ադրբեջան» գիրքը` 2000 օրինակով, որտեղ ասվում է, թե Էջմիածնն Ադրբեջանի տարածքում է:

«Այդ գրքից 1000 օրինակ բաժանվել է Ֆրանսիայում, և երկու տարվա մեջ մենք որևէ արձագանք չենք տվել: Սա այն դեպքում, երբ մենք ունենք ճարտարապետական հարցերով զբաղվող 35-ից ավելի կազմակերպություններ, էլ չասեմ ԱԳՆ ու մյուս պետական կառույցները»,- զարմացավ Պուշկին Սերոբյանը:

Հայաստանի զարգացմանը խոչընդոտող մեծագույն պատճառներից մեկն էլ ըստ բանախոսի, գրանտային կազմակերպություններն են:

«Պետք է գտնել մեղավորին, գցել ռինգ ու քարկոծել: Այստեղ 5000-ից ավելի գրանտաստեղծ կազմակերպություններ կան, որոնք խայտառակ զեկույցներ են գրում` մեր երկրի անվան հետ խաղալով»,- ասաց նա` հավելելով, որ գրանտներն այլևս մտել են կոռուպցիոն ռիսկի մեջ և պետք է լուրջ վերահսկվեն:


 

«Գտնել մեղավորին, գցել ռինգ ու քարկոծել»