.jpg)
«Նախագահի նախաձեռնությունն ուշադրությունն է` դեպի գիտություն»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ ծանոթացավ գիտական հաստատության Նախագահության մասնաշենքում այս տարվա ընթացքում իրականացված վերանորոգման աշխատանքների արդյունքներին: Երկրի ղեկավարը շրջեց հիմնովին վերանորոգված դահլիճներով՝ գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից, որից հետո Ակադեմիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարվեցին գիտական հաստատության առկա մի շարք խնդիրներ:
Լրագրողների հետ զրույցում Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարոևրեց «Տաշիր» հիմնադրամի կողմից Նախագահության մասնաշենքում իրականացված վերանորոգման աշխատանքները: Նա նշեց, որ 1955 թվականին անվանի ճարտարապետ Սամվել Սաֆարյանի կողմից կառուցված այս մասնաշենքը, որտեղ տեղի է ունենում Ակադեմիայի կառավարումը և կոորդինացումը, հիմնադրման օրվանից վերանորոգման չի ենթարկվել:
«Երբ ապրիլ ամսին տեղի ունեցավ Ակադեմիայի տարեկան ժողովը, նախագահ Սարգսյանը, մասնակցելով այդ ժողովին, ինքն իր նախաձեռնությամբ ասաց, որ շենքը պետք է վերանորոգվի»,- նշեց ակադեմիայի նախագահը` հայտնելով, որ շինարարական աշխատանքները սկսվել են արդեն գարնան վերջին:
«Մենք բարձր ենք գնահատում նախագահի նման նախաձեռնությունը, քանի որ դա նշանակում է ուշադրություն` դեպի գիտություն: Այս տարվա ընթացքում սա նաև նախագահ Սարգսյանի երկրորդ այցելությունն է Գիտությունների ակադեմիա»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը: