.jpg)
Նառ Զանոլին. «Հայաստանն առաջատարների թվում կլինի»
Աշխատանքային այցով Երևան են ժամանել ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը և գանձապահ Յան Բերտոլինգը: Եվրոպական բասկետբոլի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ, ծանոթացել հայկական բասկետբոլի ենթակառուցվածքներին: Քննարկվել են մեր հանրապետությունում բասկետբոլի զարգացմանը վերաբերող ծրագրերի մանրամասները:
Նախքան Երևանից հեռանալը Նառ Զանոլինը և Յան Բերտոլինգը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում հանդիպեցին հայ լրագրողների հետ: ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ իրենք շահագրգռված են և հնարավորություններ կստեղծեն Հայաստանում բասկետբոլի զարգացման համար: Եվրոպական ֆեդերացիան կաջակցի մարզիչների, մրցավարների վերապատրաստման, խաղացողների քանակի ավելացման և կազմակերպչական մի շարք հարցերում:
«Զարգացման առումով, բնականաբար, պետությունն իր մարտավարությունն ունի` կապված դահլիճների վերանորոգման կամ կառուցման հետ: Բայց պետք է միշտ առաջին պլան մղել դրական միջավայրում խաղալու գործոնը: Նման պայմաններում բասկետբոլը զարգացման համար լուրջ խթան կստանա: Մենք շատ լավ հասկանում ենք, որ տնտեսական ու ֆինանսական դժվարություններ կան Հայաստանում, բայց, հավատացեք, մեր երկրները նույնպես նման խնդիրներ ունեն: Եթե կարողանանք օգնել` ինչ-որ չափով հաղթահարելու այդ դժվարությունները, սպորտը, անկասկած, կշարունակի զարգանալ: Եվ հենց դրան էլ ձգտում ենք»,- նշեց Նառ Զանոլինը:
Նա խոսեց նաև այն մասին, որ Հայաստանի բնակչության թիվը բավարար է` բասկետբոլը զարգացնելու համար: Մեջբերելով մի քանի երկրների` Սլովենիայի, Մակեդոնիայի, Լիտվայի, Վրաստանի օրինակները, Զանոլինը եզրակացրեց, որ նրանք նույնպես չեն կարող պարծենալ բնակչության մեծ թվով, սակայն այսօր եվրոպական բասկետբոլում առաջատարների թվում են: Իսկ դա նշանակում է, որ այդ երկրները, բնականաբար, լավ դիրքեր են զբաղեցնում նաև համաշխարհային բասկետբոլում:
«Ես հավատում եմ, որ մի քանի տարի անց Հայաստանը նույնպես կարող է հայտնվել նշված երկրների շարքում: Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը, ՖԻԲԱ-ն, մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան և մամուլը միասին աշխատեն: Այդ դեպքում, չեմ կասկածում, շատ շուտով հայաստանյան բասկետբոլն ակնառու հաջողությունների կհասնի»,- ավելացրեց ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղարը: