.jpg)
Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի Հայաստանում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկօրյա այցով Հայաստան են ժամանել Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը և գանձապահ Յան Բերտոլինգը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով Հայաստանի և եվրոպական բասկետբոլային գերատեսչության փոխհարաբերություններին` կապված համատեղ մրցաշարերի կազմակերպման հետ, շեշտեց, որ այդ թեմայի վերաբերյալ Երևանում կայացած քննարկումները տևել են մոտ 6-7 ժամ:
«Դուք գիտեք, որ Հայաստանի կանանց «Հատիս» թիմը մասնակցելու է Եվրալիգայի մրցաշարին: Մենք շատ ուրախ և հպարտ ենք, քանի որ այդ առաջնությունը նոր դուռ է բացում Եվրոպայում: Մտածում ենք, թե ինչ կարգի մրցումներ կարելի է անցկացնել Հայաստանում: Եվրոպայի առաջնության կազմակերպման համար հիմնարար պարտավորություններ կան, որոնք պետք է անպայման իրականացնել:
Ամենակարևորը դահլիճների առկայությունն է: Մենք արդեն այցելել ենք «Միկա» մարզադահլիճ, և կարող եմ հայտարարել, որ այնտեղ գերազանց պայմաններ են ստեղծված: Այսօր կլինենք նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և «Դինամո» մարզահամալիրում: Հավատում եմ, որ դրանք նույնպես բարձր մակարդակի վրա կլինեն: Մյուսը հյուրանոցների խնդիրն է: «Անի» հյուրանոցից դրական տպավորություններ ունենք:
Զուգահեռ որոշ խնդիրներ, անշուշտ, կան, բայց վստահ ենք, որ հայկական կողմը կկարողանա դրանք շատ արագ լուծել: Կարևորագույն ուղղություններում, կրկնում եմ, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, և այս փաստը վճռորոշ դեր է խաղում: Եվրոպայի առաջնություն հյուրընկալելու համար մեր կողմից ներկայացվող պահանջները շատ բարձր են: Համոզված եմ, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պատրաստ է լուծել բոլոր խնդիրները, ուստի համաձայնել ենք, որ 2011 թ. Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունն անցկացվի Հայաստանում: Դա առաջին քայլն է: Եթե այն բարձր մակարդակով կազմակերպվի, ինչ համար մենք ուրախ կլինենք, հետագայում այստեղ ավելի մեծ թվով ու ավելի հեղինակավոր մրցաշարեր կազմակերպելու հնարավորություններ կառաջանան»,- հայտարարեց Նառ Զանոլինը: