.jpg)
2010 թ. Հայաստանում մարզադահլիճներ չեն կառուցվի
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը և գանձապահ Յան Բերտոլինգն այսօր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած հանդիպումները վկայել են, թե որքանով է Հայաստանի կառավարությունը պատրաստ` աջակցելու բասկետբոլի զարգացանը միտված ծրագրերին: Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին` կապված Հայաստանում ներդրումների ծավալների և մարզաձևի զարգացման նպատակների համապատասխանության հետ, Նառ Զանոլինը շեշտեց, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով Հայաստանի կառավարությունը 2010 թ. մարզադահլիճների շինարարության համար միջոցներ չի նախատեսել:
«Ես հստակ կարող եմ ասել, որ բասկետբոլի զարգացման համար անհրաժեշտ են շատ և լավ վիճակում գտնվող մարզադահլիճներ: Մարզիկները պետք է մարզվեն լավագույն պայմաններում: Ինչպես մենք այսօր նշեցինք ՀՀ սպորտի փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ, դահլիճների կառուցումը պետության խնդիրն է: Մենք չենք կարող շենք կառուցել, բայց կարող ենք ապահովել անհրաժեշտ գույքը: Թող մեզ դահլիճներ տան, և մենք կկահավորենք անհրաժեշտ մակարդակով: Հայաստանի սպորտի փոխնախարարը մեզ ասաց, որ 2011 թ., երբ կհաղթահարվի ֆինանսական ճգնաժամը, կսկսվի նաև մարզադահլիճների շինարարությունը:
Երբ լավ պայմաններ լինեն, մարզաձևով զբաղվողների թիվը, բնականաբար, կաճի: Որքան շատ մարզիկներ ունենաս, այնքան, բնականաբար, շատ որակյալ բասկետբոլիստներ ի հայտ կգան, ովքեր ունակ կլինեն երկիրն արժանիորեն ներկայացնել միջազգային մրցաշարերում»,- ավելացրեց Նառ Զանոլինը:
Պատասխանելով այն հարցին, թե ՖԻԲԱ-ն ինչո՞վ է պատրաստվում օգնել Հայաստանին, եվրոպական բասկետբոլային միության գլխավոր քարտուղարն ընդգծեց. «Ասեմ, որ ՖԻԲԱ-ի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հարաբերությունները շատ ջերմ են: 2007 թ. սկսած` մոտ 5000 գնդակ ենք տրամադրել Հայաստանին: Եվրոպական բոլոր մրցաշարերին հայաստանյան թիմերի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը ՖԻԲԱ-ն է կատարել: Արդեն պայմանավորվել ենք, որ առաջիկայում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային բասկետբոլային լրացուցիչ մարզագույք կտրամադրվի, այդ թվում` լուսատախտակներ:
Մենք կանխիկ գումարով չենք օգնում ֆեդերացիաներին, ինչպես վարվում է, օրինակ, ՈՒԵՖԱ-ն: Եվրոպական ֆուտբոլային գերատեսչության հետ լավ բարեկամներ ենք, բայց, խնդրում եմ ճիշտ հասկանալ, հաստատ ՈՒԵՖԱ չենք: Այդ կազմակերպության բյուջեն անցնում է 2,5 միլիարդի սահմանագիծը: Պարզ է, որ ՈՒԵՖԱ-ի հետ չենք կարող համեմատվել»: