.jpg)
«Արևորդին» ամփոփվեց. Հանձնվեցին մրցանակները
Հոկտեմբերի 25-29-ը մեկնարկած «Արևորդի» միջազգային փառատոնը հինգ օր շարունակ բնապահպանական տոնակատարության էր վերածել մայրաքաղաքի առօրյան:
Ֆիլմերն ու միջոցառումները նախատեսված էին հասարակության բոլոր շերտերի համար` երեխաներից, երիտասարդներից մինչև բիզնես ոլորտ ու գործարարներ: Բազմաթիվ ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ճանաչված բնապահպաններ մասնակցեցին փառատոնին:
Փառատոնի մեկնարկը ազդարարող դիմակահանդես-քայլերթը, Էկո-Էսքպո-ն, ցուցահանդեսները, պատանիների համար նախատեսված դասընթացները, սեմինար քննարկումները հասարակական քննարկումները կլիմայական փոփոխությունների, թափոնների վերամշակման ու ջրի խնդիրների մասին, հյուրերի ընդունելությունները տարբեր դեսպանատներում ու քաղաքապետարանում, ինչպես նաև` ֆիլմերի ցուցադրությունները մի շարք ցուցասրահներում հնարավորություն տվեցին տասնյակ հազարավոր մարդկանց մի քանի օրերի ընթացքում ներգրավվել բնապահապանական միջոցառումներում:
Փառատոնն այլևս ամփոփված է. նախ «Կանաչ սերունդ Հայաստան» քարոզարշավի շրջանակում կազմակերպված համահայկական նկարչական մրցույթի հաղթողների մրցանակները հանձնվեցին: Այսեղ տարբեր անվանակարգերում փոքրիկ նկարիչները ստացան ֆոտոխցիկ, տեսախցիկ և այլ մրցանակներ, իսկ «Իմ երազանքի քաղաքը» նկարչական մրցույթի երիտասարդ նկարիչները ստացան դրամական պարգևներ:
Փառատոնի փակմանը հիմնական մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ Ռոնալդ Տոբիասը հայտարարեց հաղթողների անունները: Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող ճանաչվեց Էդգար Բարտենևի «Նյարմա» ֆիլմը (Գերմանիա), խրախուսական մրցանակ հանձնվեց Հերբերթ Օսթվալդին «Անտառի ոգին. Երկարականջ ցատկամուկ» (Գերմանիա) ֆիլմի համար:
Բնապահպանական խնդրի լավագույն հետազոտությունը անվանակարգում մրցանակ ստացավ Ֆրենի Ամստրոնգի «Հիմարության դարը» ֆիլմը (Մեծ Բրիտանիա), հատուկ մրցանակ ժյուրին շնորհեց Ինգե Ալթեմայեր «Այստեղ` բնապահպանություն, այնտեղ` մահ» (Գերմանիա/Ինդոնեզիա), ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ նաև Տիգրան Պասկևիչյանի «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմը (Հայաստան):
Մանկական ֆիլմերի ժյուրիի նախագահ Մաիկկի Կանտոլան հայտարարեց հաղթող ֆիլմերը: 16-ից ցածր տարիքի ռեժիսորի հեղինակած լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգում մրցանակ հանձնվեց «Էկոքաղաքը և աղբի հրեշը» ֆիլմին (Իտալիա), ժյուրիի հատուկ մրցանակներ ստացան Ործաձորի «Արևորդի» էկո-ակումբի նկարահանած «Աստրագալուսի մայրամուտը» և Գառնի-Գողթ էկո-ակումբի` «Էհա» ֆիլմերը:
Լավագույն բնապահպանական կրթական ֆիլմ անվանակարգում մրցանակ շնորհվեց Ջոն Ուեբսթերի «Աղետի բաղադրատոմսեր» ֆիլմին (Ֆինլանդիա) և ժյուրիի հատուկ մրցանակ Լուցիե Ստամֆեստովայի «Սառնարանը» (Չեխիա) ֆիլմի համար:
Տեղեկատվական ծրագրում շնորհվեց ԵԱՀԿ կողմից սահմանված` Հանդիսատեսի մրցանակը` Յոսի Վայսլերի «Մահվան պատը» (Իսրայել) ֆիլմին:
Նշենք, որ փառատոնի գլխավոր գործընկերն ու համակազմակերպիչն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: