.jpg)
Արտաշես Ներսիսյան. «Նազիկը միայն այսօրվա համար չէ…»
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանն ամփոփում է իր սաների ելույթները հարավկորեական Գոյանգ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում:
- Պրն Ներսիսյան, նախ կխնդրեինք ներկայացնել, թե ինչպես ընթացավ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը:
- Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ պարզապես հրաշալի ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Կատարեցինք պլանավորված բոլոր աշխատանքները: Շնորհակալություն և Օլիմպիական կոմիտեին, և սպորտի նախարարությանը, և ֆեդերացիային: Վերջին հավաքը չկարողացանք անցկացնել Ուկրաինայում, ինչպես նախատեսել էինք: Արտասահմանյան ուսումնամարզական հավաքի փոխարեն մարզումները շարունակեցինք Աբովյանում: Հիանալի մարզաբազա էր, ուստի նախապատրաստական շրջանի արդյունավետությունը դրանից չտուժեց: Եթե մարզիկն ուժեղ է, ըստ իս` ամենևին էլ կարևոր չէ, թե որտեղ է նախապատրաստվում:
- Գնահատեք հավաքականի անդամների ելույթները:
- Մելինե Դալուզյանը նոր է վերադարձել ծանրամարտ: Եթե որևէ մեկը ծանոթ է պանկրատիտ հիվանդությանը, կիմանա, թե ինչ է նշանակում հաղթահարել այն ու վերադառնալ մեծ սպորտ: Դա ես հերոսություն եմ համարում: Կարծում եմ` նրա ելույթները պետք է նորմալ գնահատել: Հռիփսիմե Խուրշուդյանից ավելին էի սպասում: Անկեղծ ասած` հասկանում եմ առկա խնդիրները, քանի որ ժամանակային առումով հարմարվելու խնդիրներ ունեինք: Այդ մի քանի օրվա ընթացքում մարզուհիները գրեթե չքնեցին: Հռիփսիմեն նաև վնասվածքներ ուներ: Հիմա կարող եմ ասել, որ աղջիկները փոխելու են իրենց քաշային կարգերը, որպեսզի կարողանան ձերբազատվել հոդային ցավերից: Հռիփսիմեն, օրինակ, ստիպված էր 9 կգ քաշ գցել, որպեսզի մասնակցի 75 կգ քաշային կարգի մրցումներին: Իմ կարծիքով` հաջորդ առաջնությունում ավելի լավ արդյունքներ ենք արձանագրելու, քան այս անգամ:
- Իսկ ավելի ցածր քաշային կարգերը համալրող հեռանկարային մարզուհիներ կա՞ն:
- Այո, կան: Փառք Աստծո, մի քանի հոգի են: Ժամանակ է պետք, որպեսզի նրանք մրցահարթակ դուրս գան:
- Հավատո՞ւմ էիք, որ Նազիկ Ավդալյանը կկարողանա աշխարհի չեմպիոն հռչակվել:
- Նազիկը պատրաստ էր հաղթանակին: Ես գիտեի դա, բայց ոչ մեկին, նույնիսկ` ինքս ինձ, չէի խոստովանում: Ինչ էլ որ լիներ, պայքարելու էր միայն հաղթանակի համար: Եթե անհրաժեշտ լիներ, կմոտենար նույնիսկ 155 կիլոգրամանոց ծանրաձողին:
- Ըստ Ձեզ` Սլիվենկոն ինչո՞ւ պատվիրեց 150 կգ: Դա տակտիկակա՞ն մտահղացում էր:
- Այո: Մրցակցուհու նպատակը մեզ ստիպելն էր` իրացնելու վերջին փորձերը, որպեսզի պատվիրեր ավելի բարձր քաշ և հաջողության հասներ: Քանի որ վստահ էինք Նազիկի ուժերին, բնականաբար, նույն քաշը պատվիրեցինք: Եթե նա պատվիրեր 160 կգ, մենք էլ էինք գնալու այդ քայլին: Պարզ է` պետք է իջեցներ քաշն այնքան, որն իր հնարավորությունների սահմաններում է…
- Արդյունքում երրորդ մոտեցումը, ըստ էության, իմաստը կորցրեց…
- Այո, այն արդեն անիմաստ էր: Եթե մոտենար, պետք է միայն ռեկորդային քաշ պատվիրեր: Նազիկը ցանկություն ուներ` սահմանելու աշխարհի ռեկորդ, բայց նա միայն այսօրվա համար չէ, մեզ վաղն էլ է պետք: Հետո` պետք չէ ցուցադրել, թե մարզիկն ինչպիսի հնարավորություններ ունի: Առջևում մայրցամաքային ու համաշխարհային մակարդակի նոր առաջնություններ են: Հիշո՞ւմ եք, Մելինե Դալուզյանը Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում իր հիմնական մրցակցից առաջ անցավ 28 կիլոգրամով: Ամբողջ ազգով կրակն ընկանք (ծիծաղում է-խմբ.): Այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարզիկների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մելինե, այս ի՞նչ արեցիր, հիմա ինձնից էլ են դոպինգ տեստ վերցնելու»: Այս անգամ փորձեցինք հեռու մնալ նման իրավիճակից (ժպտում է-խմբ.):