.jpg)
Դատարանը վարույթ է ընդունել Շահումյան բանավանի սեփականատերերից
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ ընդունեց Շահումյան բանավանի սեփականատերերի նոր հայցն ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության: Ինչպես տեղեկացնում է «Էկո-լուրը», բնակիչները պահանջում են Շահումյան բանավանում դադարեցնել ընկերության՝ իրենց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործունեությունը և փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար: Դատական նիստը նշանակված է 2009թ. դեկտեմբերի 25-ին:
Դատարանը մերժել է նույն պահանջով նախորդ երկու հայցերը՝ իր որոշումը հիմնավորելով գործի նյութերում ապացույցների բացակայությամբ: Մերժման հետ միաժամանակ դատարանը որոշում է ընդունել միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու մարդկանց կյանքի և առողջության համար ռիսկերը, որոնք առաջացել են Շահումյան բանավանում «Deno Gold Mining» ընկերության կողմից իրականացվող վերգետնյա և ստորգետնյա աշխատանքների արդյունքում: Դատարանը որոշման իրականացումը հանձնարարեց դատական կատարողների:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 16-ին Շահումյանի հանքավայրում զոհվել է ընկերության 43-ամյա աշխատակից Արա Պողոսյանը: Ներկայումս Կապանում աշխատում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական խումբը՝ պարզելու մահվան պատճառները: Սա երկրորդ դժբախտ դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում: 2008թ. հունվարի 10-ին վթարի պատճառով Շահումյանի հանքավայրում զոհվեց 29-ամյա Դավիթ Մկրտչյանը: Այդ դեպքի առնչությամբ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց: