«Մենք պետք է գնանք ժողովրդավարության ուղով»
30/11/2009 19:59

«Մենք պետք է գնանք ժողովրդավարության ուղով»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարևորեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարի ընթացքում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում համերաշխության մթնոլորտի մասին խոսելու հանգամանքը:

«Յուրաքանչյուր իշխանություն պետք է լինի ոչ միայն խելացի, այլև` իմաստուն, իսկ իմաստուն է այն իշխանությունը, որ կարողանում է լսել քննադատություն»,- հիշեցնելով նախագահի խոսքերը` Է. Շարմազանովը հավելեց, որ «այս մեկուկես տարվա ընթաքում նախագահի գործունեությունը, համահայկական ուղևորությունը, կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումները, վկայում են այն մասին, որ նախագահն այն առաջնորդն է, որը կարողանում է լսել քննադատություն և պատրաստ է լսել ու իրականացնել խելացի կարծիքներ»:

Է. Շարմազանովն այս հանգամանքը կարևորեց նաև այն բանի համար, որ «մեր քաղաքական պատմության մեջ եղել են և կան դեմքեր, որոնք տառապում են ինքնասիրահարվածությամբ», իսկ մենք «պետք է դասեր քաղենք» ՀՀ նախագահից:

Բացի այդ` խմբակցության քարտուղարը կարևորեց նաև հայ-թուրքական հարաբերություններում «առանց նախապայմանների» բանակցությունների մասին նախագահ Ս. Սարգսյանի հիշեցումը: Նա նշեց, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, և մեզ համար անընդունելի է ցանկացած ձևական ձգձգում»:

«Եթե Թուրքիան արհեստականորեն գործընթացը ձգձգի, Հայաստանը` օրենքով սահմանված կարգով, կիրականացնի համապատասխան քայլեր»,- ընդգծեց Է. Շարմազանովը:

Խմբակցության քարտուղարը հայտնեց նաև, որ շատ է կարևորում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և քաղաքական բազմակարծության ապահովման թեզերը: Նա հիշեցրեց, որ նախագահն իր ելույթում ընդգծել է, որ «մենք կարող ենք կոշտ լինել գնահատականների, բայց ոչ դրանք արտահայտողների նկատմամբ»:

«Պայքարը պետք է լինի ծրագրային, այլ ոչ թե գնա ինքնաոչնչացման կամ անձերի ու կուսակցությունների դեմ. պայքարը պետք է գնա հանուն գաղափարների»,- բացատրեց Է. Շարմազանովը:

Է. Շարմազանովը անդրադարձավ նաև նախագահի արտահայտած այն մտքին, որ «մենք պետք է դասեր քաղենք»: Այս առիթով նա ասաց, որ «նախագահը ցանկանում էր ասել, որ մեր երկիրում ժողովրդավարական ավանդույթներն այլընտրանք չունեն, և մենք պետք է գնանք այդ ուղով»:
 

«Մենք պետք է գնանք ժողովրդավարության ուղով»