«Մեր հաղթանակը որևէ կուսակցության սեփականությունը չէ»
30/11/2009 19:18

«Մեր հաղթանակը որևէ կուսակցության սեփականությունը չէ»

Այն բանից հետո, երբ Նազիկ Ավդալյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը, մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եթերում հայտարարեց, որ հաղթանակը նվեր է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին ծննդյան օրվա առթիվ: Այդ հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Շատերը Սամվել Խաչատրյանին մեղադրեցին ստրկամտության մեջ` հայտարարելով, որ նման գործելակերպը ոչ մի լավ բան չի խոստանում հայկական սպորտին: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Խաչատրյանն անդրադարձավ նաև իր հայտարարությանը և նրան տրված գնահատականներին:

- Գրեք, խնդրում եմ, շնորհավորեք հայ ազգին մեր կողմից ևս մեկ անգամ,- նշեց նա:- Ընդդիմադիրները թող գրեն և ասեն այն, ինչ ուզում են: Ես կրկնում եմ. շատ շնորհակալ եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության աջակցության համար: Փառք ու պատիվ Գագիկ Ծառուկյանին, և չեմպիոնական այս կոչումն էլ նվեր է նրա ծննդյան օրվա առթիվ: Այն, որ հայկական դրոշը բարձրացվեց, և հնչեց մեր երկրի հիմնը, որևէ կուսակցության սեփականությունը չէ: Քաղաքական ենթատեքստերն այստեղ տեղին չեն: Չորս անգամ բարձրացվեց մեր երկրի դրոշը, իսկ մեկ անգամ հնչեց հիմնը: Այդ ապրումները կարող եք հասկանալ միայն այն ժամանակ, երբ ներկա կլինեք մրցումներին: Ես համոզված եմ, որ բոլորդ էլ հուզված էիք հետևում հայ մարզիկ-մարզուհիների ելույթներին:

 

«Մեր հաղթանակը որևէ կուսակցության սեփականությունը չէ»