Մոուրինյոյին չեն գնահատում
30/11/2009 21:01

Մոուրինյոյին չեն գնահատում

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բողոքել է, որ իրեն Իտալիաում և Պորտուգալիայում չեն գնահատում: Դատելով «Record»-ին տված հարցազրույցից` Մոուրինյոն ավելի շատ էր հարգանք ակնկալում իր ծառայությունների դիմաց:

«Ա սերիայում աշխատում է 20 մարզիչ: Նրանցից 18-ն իտալացիներ են, իսկ մեկը կիսով չափ բրազիլացի է: Արտասահմանցի միակ մարզիչը ես եմ: Երբ իմ գործընկերները քվեարկում են տարվա լավագույն մարզչի համար, վստահ եմ, որ ոչ մի կերպ չեմ կարող հաղթանակի հույս ունենալ: Հնարավոր է` նույնիսկ վերջին տեղը կզբաղեցնեմ: Հավանաբար, ստիպված եմ լինելու ինքս իմ օգտին քվեարկել, որովհետև իմ ընկերոջը` Վալտեր Ձենգային, հեռացրել են «Պալերմոյից»,- հայտարարել է Մոուրինյոն:

«Յուրահատուկ» մարզչի խոսքերով` իրեն Պորտուգալիայում նույնպես կարող էին ավելի լավ գնահատել: «Նման ոչ մեծ երկրում մարդիկ պետք է հպարտանան, որ իրենց հայրենակիցները հաջողությունների են հասնում արտասահմանում: Իմ ընկերները պատմում են, որ երբ Պորտուգալիայում ցուցադրում են «Ինտերի» հանդիպումները, իրենք հեռուստացույցի ձայնն իջեցնում են: Ես տեսնում եմ, թե ինչպես են Իտալիայում ուրախանում Կառլո Անչելոտտիի հաջողություններով, ինչպես էին զայրացել, որ Իռլանդիայի ընտրանին Տրապատոնիի գլխավորությամբ չհայտնվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, որքան գոհ են Կապելլոյի ղեկավարությամբ անգլիացիների առաջընթացից: Եթե այս ամենը համեմատենք նրա հետ, թե ինչ է տեղի ունենում Պորտուգալիայում, ես նույնիսկ չգիտեմ` արտասվե՞մ, թե՞ ծիծաղեմ: Տարբերությունը պարզապես աբսուրդ է»,- շեշտել է նա:

 

Մոուրինյոյին չեն գնահատում