Սամվել Խաչատրյան. «Անթալիայում մյուս տարի ավելի լավ է լինելու»
30/11/2009 18:53

Սամվել Խաչատրյան. «Անթալիայում մյուս տարի ավելի լավ է լինելու»

Հայաստանի ծանրամարտի պատվիրակությունը վերադարձավ Հարավային Կորեայից, որտեղ հաջողությամբ մասնակցեց մեծահասակների աշխարհի առաջնությանը: «Զվարթնոց» օդանավակայանում մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը սիրով պատասխանեց Aysor.am-ի թղթակցի հարցերին:

- Պրն Խաչատրյան, նախ շնորհավորում ենք հաղթանակի առթիվ: Իսկապես, աշխարհի չեմպիոնի կոչման նվաճումը լուրջ իրադարձություն է հայկական ծանրամարտում: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի զգացումներ եք ունեցել…

- Ես կարող եմ ասել, որ արձանագրված ցուցանիշների առումով աշխարհի այս առաջնությունը բացառիկ էր: Համաշխարհային մակարդակի որևէ այլ առաջնությունում այսպիսի կիլոգրամներ չեն գրանցվել: Օլիմպիական չեմպիոններն այսպիսի ցուցանիշներ չեն ունեցել: Պատկերացրեք` 77 կգ քաշային կարգում պեկինյան Օլիմպիադայի չեմպիոնի արդյունքն այս առաջնությունում բավարար էր միայն 10-րդ տեղի համար: Խաղային առաջին օրն Առաքել Միրզոյանը մեզ ուրախացրեց արծաթե մեդալով, իսկ արդեն 4-րդ օրն աշխարհի չեմպիոն ունեցանք: Նազիկ Ավդալյանը տակտիկական պայքարում շատ գեղեցիկ հաղթանակ տոնեց: Հռիփսիմե Խուրշուդյանը կարող էր երկրորդ տեղը գրավել, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ հասնել այդ արդյունքին և զբաղեցրեց միայն երրորդ տեղը:

Իսկապես, բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ ունեինք, ուստի և մեծ էր անհանգստությունը` հանկարծ չսայթաքեն, հանկարծ ինչ-որ տհաճ անակնկալ չլինի: Հավատում էինք մեր մարզիկների ներուժին, բայց հաղթանակները կերտվում են ոչ թե հավատով, այլ կոնկրետ ցուցանիշներով: Եվ հենց դրանց էինք մենք ձգտում, հայտնվում ծանր ապրումների մեջ, որոնք, բարեբախտաբար, ավարտվում էին հաղթանակի զգացողությամբ:

- Նազիկ Ավդալյանի` պոկում վարժությունում երկրորդ մոտեցումը չարձանագրվեց: Դուք կարծես թե համամիտ չէիք այդ որոշման հետ և փորձեցիք պարզել, թե ինչու է նման որոշում կայացվել…

- Աջ ձեռքի արմունկի խաղ էր արձանագրվել: Կողքից մենք դա չէինք նկատել, սակայն պահի կրկնության ժամանակ համոզվեցինք: Կարող էին, իհարկե, հաշվել, բայց… Ինչևէ, մենք հպարտ ենք, որ այսպիսի արդյունք ենք արձանագրել այնպիսի երկրների հետ մրցակցությունում, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է: Մեր երկրի բնակչության թիվը հասնում է 3 միլիոնի, մինչդեռ այդ երկրում միայն ծանրամարտով 7,5 միլիոն մարդ է զբաղվում:

- Ավանդույթները պետք է շարունակել, չբավարարվել ձեռք բերածով…

- Այս հաղթանակը բոլորիս հաղթանակն է: Ես կարող եմ վստահեցնել, որ մյուս տարի մեզ համար ավելի լավ է լինելու: Աշխարհի հաջորդ առաջնությունը կայանալու է ոչ թե Կորեայում, այլ Անթալիայում: Իսկ այնտեղ հայկական դրոշը պետք է բարձրացնել անհրաժեշտաբար: Եթե մեր հիմնն էլ հնչի, այլ կերպ ասած` ոսկե մեդալ նվաճենք, ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ…

Սամվել Խաչատրյան. «Անթալիայում մյուս տարի ավելի լավ է լինելու»