Համագործակցություն` հանուն գենդերային հավասարության
30/11/2009 19:41

Համագործակցություն` հանուն գենդերային հավասարության

 

Այսօր ՀՀ Ազգային ժողովի Կարմիր սրահում «Wo/Men in Politics» (Կանայք և տղամարդիկ քաղաքականության մեջ) ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի` ի դեմս փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի և Բրիտանական խորհրդի` ի դեմս հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը և ՀՀ Ազգային ժողովը:
 
Հիշեցնենք, որ «Wo/Men in Politics»-ը երկամյա ծրագիր է, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ: Այն ուղղված է քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը, հմտությունների զարգացմանը, համագործակցության և նոր հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրի կարևորագույն նպատակներից է իրազեկության բարձրացումը և կնոջ` որպես առաջնորդի մասին հասարակական կարծիքի վերափոխումը:
 
Իր խոսքում Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում Ազգային Ժողովն արդյունավետ համագործակցել է Բրիտանական խորհրդի հետ, և հույս հայտնեց, որ կնքվող հուշագիրը, որի դրույթները համաձայնեցվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, էլ ավելի կնպաստի տևական հարաբերությունների հաստատմանը և առարկայական համագործակցության հիմք կծառայի:
 
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ խիստ կարևորում է քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը և հավասար հնարավորությունների տարածմանը միտված նախաձեռնությունները և շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանի կողմից ցուցաբերած շարունակական աջակցության և ծրագրի նկատմամբ հետաքրքրվածության համար: Նա ևս հույս հայտնեց, որ այսուհետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա կլինի:
 
«Wo/Men in Politics» ծրագրի շրջանակում հաստատված համագործակցությունը ողջունեց նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Ուին Օուենը, ով հպարտությամբ նշեց, որ Միացյալ Թագավորությունը առաջին արևմտյան պետություններից էր, որն ունեցել է կին վարչապետ, և նա այսօր ուրախ է տեսնել, որ բրիտանական կառավարությունը կարող է նպաստել Հայաստանում կնոջ հասարակական և քաղաքական դերի բարձրացմանը:
 
Ըստ ծրագրի շրջանակում կնքվող երկկողմ փոխըմբռնման հուշագրի.
  • ՀՀ Ազգային ժողովը աջակցելու է կանանց հարցերով խորհրդակցական մարմնի ստեղծմանը, գենդերային հարցերով օրենսդրական նախաձեռնությունների բազմակողմանի քննարկմանը և ընդունմանը, պարբերաբար կազմակերպելու է գենդերային հարցերով խորհրդարանական լսումներ և հանրային քննարկումներ և այլ միջոցներով նպաստելու է ծրագրի միջոցառումների իրականացմանը:
  • Բրիտանական խորհուրդը, հանդիսանալով «Wo/Men in Politics» ծրագրի իրականացնողը, ապահովելու է միջազգային խորհրդատվություն կանանց հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման հարցում, կազմակերպելու է դասընթացներ և ճանաչողական այցեր ՀՀ ԱԺ կին պատգամավորների և ՀՀ ԱԺ աշխատակիցների համար, աջակցելու է օրեսնդրության գենդերային փորձաքննության և վերլուծության իրականացմանը, կազմակերպելու է այլ միջոցառումներ` ուղղված հավասար հնարավորությունների քաղաքականության տարածմանն ու իրազեկության բարձրացմանը: 

 

Համագործակցություն` հանուն գենդերային հավասարության