Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է
28/12/2009 19:46

Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն այսօր տեղի ունեցած տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ձեռք բերած նվաճումներով բռնցքամարտը 2009 թ. Հայաստանում երկրորդ մարզաձևն է:

«Ընդհանրապես` աշխատանքները գնահատվում են արդյունքներով, իսկ մեծ սպորտում` մեդալներով,- ընդգծեց Դերենիկ Գաբրիելյանը:- Ուրախալին այն է, որ այս տարի մենք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում վաստակել ենք 14 մեդալ, որը երկրորդ ցուցանիշն է: Առաջին տեղում, ինչպես գիտեք, ծանրամարտիկներն են: Բոլորդ էլ տեղյակ եք, որ ծանրամարտիկները ավելի մեծ թվով մրցաշարերի մասնակցելու հնարավորություն ունեն, բացի այդ, մարզիկներից յուրաքանչյուրը կարող է պայքարել 3 մեդալի համար: Իմ կարծիքով` մեր ցուցանիշը վատը չէ:

Ես կուզեի անդրադառնալ նաև աշխարհի 2009 թ. պատանեկան առաջնությանը: ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կուո Վուն գործկոմի վերջին նիստում ամենաբարձր գնահատականն է տվել մեր երկրի, Ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սպորտի նախարարության ղեկավարության և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի կատարած աշխատանքին` կապված աշխարհի պատանեկան առաջնության հետ, որը մայիսի վերջին կայացավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հաջողությունն իսկապես միասնական աշխատանքի արդյունք էր: Արտասահմանում բոլորը, երբ տեղեկանում են, որ մենք Հայաստանից ենք, այժմ այլ վերաբերմունք են դրսևորում: Վերաբերմունքի հարցում դրական շոշափելի փոփոխություններ կան, ինչը, բնականաբար, լրջորեն կանդրադառնա մեր հետագա աշխատանքների արդյունավետության վրա»:

Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է