Թուրքիայի քաղաքական շրջանակները շոկի մեջ են
28/12/2009 16:52

Թուրքիայի քաղաքական շրջանակները շոկի մեջ են

«Պաշտոնական Բաքուն Թուրքիայի վարչապետին և դեսպանին վատ վիճակի մեջ է դրել»,- «Ազադլըգի» հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն` նշելով, որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստ չէ քաղաքական որոշում տալու Թուրքիայի հետ մուտքի արտոնագիրը վերացնելու խնդրի կապակցությամբ:

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Թուրքիա էր այցելել երկու երկրների միջև անցագրային ռեժիմը վերացնելու մասին արձանագրությունը ստորագրելու համար, ինչը տեղի չունեցավ: Դա շոկ առաջացրեց Թուրքիայի քաղաքական շրջանակներում, քանի որ այդ այցից առաջ և Թուրքիայի վարչապետ Էրդողանը, և Բաքվում այդ երկրի դեսպանը հայտարարել էին, որ անցագրային ռեժիմը վերացնելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրելու համար բոլոր խնդիրները փոխադարձաբար վերացված են: Ադրբեջանի իշխանությունը մուտքի արտոնագրի հետ կապված որոշումն ընդունել է վերջին պահին` Մամեդյարովի Անկարա հասնելուց հետո:

Չնայած Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Անկարայում հայտարարել է, որ արձանագրությունը չի ստորագրվել տեխնիկական պատճառներով, սակայն, երևում է, որ Ադրբեջանի իշխանությունը քաղաքականապես պատրաստ չէ Թուրքիայի հետ լուծելու այդ հարցը: Ամենայն հավանականությամբ, դա կապված է 70 մլն-ոց Թուրքիայի քաղաքացիների` ազատորեն Ադրբեջան մուտք գործելու հետ կապված առկա անվտանգության խնդիրների հնարավոր աճով: Այսինքն` Ադրբեջանում դեռ պատրաստ չեն հսկողության տակ պահել թուրք արմատական տարրերի, կամ էլ կրոնի անվան տակ քաղաքականությամբ զբաղվողների մուտքը երկիր: Բացի այդ, վերացնելով անցագրային ռեժիմը Թուրքիայի հետ, Ադրբեջանը ստիպված կլինի ընդառաջել նաև իր հետ անցագրային ռեժիմը վերացնելու մասին հայտարարած Իրանին: Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն Իրանից ավելի է զգուշանում, քան Թուրքիայից:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կարող երկարաձգել երկու երկրների հետ էլ վիզային ռեժիմի վերացման հարցը: Թուրքիան և Իրանը վերացրել են վիզային ռեժիմը և նույնն ակնկալում են նաև Ադրբեջանից: Չնայած այդ երկրների հետ անցագրային ռեժիմի վերացումը մեծ ռիսկեր է պարունակում, սակայն, պաշտոնական Բաքվի համար ամենաօպտիմալ տարբերակը վիզային ռեժիմը վերացնելու մասին արձանագրությունները հնարավորինս կարճ ժամկետում ստորագրելն է, քանի որ, հակառակ դեպքում, Ադրբեջանը կկանգնի այդ երկրների վստահությունը կորցնելու հետ կապված ավելի մեծ վտանգների առաջ»,- ըստ «Ազադլըգի», եզրահանգել է Շահինօղլուն:
 

Թուրքիայի քաղաքական շրջանակները շոկի մեջ են