Խոակին Բոգոսյանը տեղափոխվեց «Էսպանյոլ»
28/12/2009 18:16

Խոակին Բոգոսյանը տեղափոխվեց «Էսպանյոլ»

Ուրուգվայցի հայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, ով արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ» թիմում այդ երկրի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել, վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Էսպանյոլ»: 22-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստն այդ ակումբի մարզական պատիվը կպաշտպանի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Վաղը հայ ֆուտբոլիստը կժամանի Բարսելոն, իսկ հաջորդ օրը տեղի կունենա մարզաշապիկի հանձնման արարողությունը: Ավելացնենք, որ վարձավճարի համար «Էսպանյոլը» «Նյուելզ Օլդ Բոյզին» 400 հազար եվրո է վճարել:

Բարսելոնյան ակումբը ցանկանում էր գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն դրա համար խոչընդոտներ կային: Բանն այն է, որ, սկսած հաջորդ մրցաշրջանից, Խոակին Բոգոսյանը հանդես է գալու անգլիական «Լիվերպուլում»: Այդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն արդեն վերջնականապես որոշել է, որ «Լիվերպուլը» գնելու է Բոգոսյանի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իտալական «Corriere dello Sport»-ը հրապարակել է մի տեղեկատվություն, ըստ որի Բոգոսյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Սամպդորիան», «Նապոլին», անգլիական «Աստոն Վիլլան» և գերմանական «Բայերը»:

Հարկ է նշել, որ արդեն բավական երկար ժամանակ խոսվում է Խոակին Բոգոսյանի` Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու մասին: Տարեվերջյան մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ այդ ֆուտբոլիստի` մեր ազգային թիմում խաղալու խնդիրը գործնականում լուծված է, սակայն որոշ ժամանակ անց նշեց, որ այդ նա Հայաստանի ընտրանու մարզաշապիկը կհագնի միայն այն դեպքում, եթե հրավեր չստանա Ուրուգվայի հավաքականից, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի 2010 թ. առաջնության մասնակիցների թվում է:

Խոակին Բոգոսյանը տեղափոխվեց «Էսպանյոլ»