Հայ երիտասարդ բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու
28/12/2009 20:05

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու

Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ Բաքվում ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կուո Վուն հայտարարել է Եվրոպայի 2010 թ. երիտասարդական առաջնության կազմակերպման իրավունքը Ադրբեջանին տալու մասին: Այդ մրցաշարը միակն է, որում մարզիկները կարող են վարկանիշ վաստակել և մասնակցել Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան Օլիմպիական խաղերին: Ստեղծվել է բավական բարդ իրավիճակ. մի կողմից` չի կարելի թույլ տալ, որ հայ երիտասարդ մարզիկները զրկվեն Օլիմպիադային մասնակցության հնարավորությունից, իսկ մյուս կողմից` Ադրբեջանը պետք է անվտանգության երաշխիքներ ապահովի, որպեսզի մեր թիմը կարողանա մեկնել Բաքու: Խնդիրը մեկնաբանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

- Եվրոպայի երիտասարդական առաջնությունը պլանավորված էր անցկացնել Փարիզում, սակայն Ֆրանսիայի բռնցքամարտի ֆեդերացիան ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց կազմակերպել այն,- նշեց Դ. Գաբրիելյանը:- Քանի որ այդ նույն ժամանակ Բաքվում ընթանում էր ԱԻԲԱ-ի նախագահի գավաթի մրցաշարը, ադրբեջանցիները կարողացան համոզել Չինգ Կուո Վուին, և ԱԻԲԱ-ի բյուրոն որոշեց մրցաշարը տեղափոխել Բաքու: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը որոշել են, որ մենք պետք է լավագույնս նախապատրաստվենք և մասնակցենք Բաքվում կայանալիք երիտասարդական առաջնությանը, քանի որ այն Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ապահովող միակ մրցաշարն է:

Պատրաստել ենք մի նամակ` ուղղված ԱԻԲԱ-ի նախագահին, որի բովանդակությունը մոտավորապես այսպիսին է. «Պրն Վու, երբ որոշել եք աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնել Բաքվում, մի հանգամանք հաշվի չեք առել, որ մենք մեր հարևան երկրի` Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք: Քանի որ Դուք նշում եք, որ այս առաջնությունը պետք է բաց լինի բոլոր մասնակիցների համար, առավել ևս, որ վարկանշային միակ մրցաշարն է, խնդրում ենք համապատասխան պայմաններ ապահովել, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը կարողանա ժամանել Բաքու և մասնակցել երիտասարդական առաջնությանը»: Մենք կարծում ենք, որ եռակողմ` ԱԻԲԱ- Հայաստան-Ադրբեջան համաձայնությամբ պետք է պայմանագիր ստորագրվի, որտեղ գրավոր նշված կլինի, որ հյուրընկալող կողմը պարտավորվում է ապահովել մեր մարզիկների ու պատվիրակության մյուս անդամների անվտանգությունը:

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու