.jpg)
Դավիթ Թադևոսյան. «Ուզում ենք կրկնակի ավելացնել բյուջեն»
Այսօր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Դավիթ Թադևոսյանը հայտարարեց, որ 2009 թ. ընթացքում տարբեր ծրագրերի իրագործման համար ՀԲՖ-ն ծախսել է 490 մլն դրամ, որից 150 միլիոնը տրամադրել է Հայաստանի կառավարությունը: Այդ գումարից 35 միլիոնը նախատեսված է եղել Երևանում տեղի ունեցած աշխարհի պատանեկան առաջնության կազմակերպման համար, իսկ մնացած 115 միլիոնը հատկացվել է տարվա ընթացքում ֆեդերացիայի գործունեությունն ապահովելու նպատակով: Հսկայական` 340 մլն դրամ է ներդրել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, քանի որ առկա ուղղություններում անհրաժեշտ աշխատանքային մակարդակ ապահովելու համար նման գումարների անհրաժեշտություն է զգացվել:
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին` կապված 2010 թ. բյուջեի հաստատման հետ, Դավիթ Թադևոսյանը նշեց, որ իրենք ցանկանում են կրկնակի ավելացնել այն: Պետության կողմից տրամադրվող միջոցները, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել են 5 մլն դրամով` կապված ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետ: Այլ կերպ ասած` ֆեդերացիան ՀՀ կառավարությունից կստանա 110 մլն դրամ: Բայց բյուջեի ավելացումն ինքնանպատակ չէ: Ճիշտ է` այս անգամ Երևանում աշխարհի պատանեկան առաջնություն չի կազմակերպվելու, սակայն գարնանը մեր երկրում անցկացվելու է 2 խոշոր միջազգային մրցաշար, որոնք նույնպես լուրջ ներդրումներ են պահանջում: Բացի այդ, պլանավորվում են մեծ թվով ուսումնամարզական հավաքներ և այլ միջոցառումներ: