ՀԱԿ ներկայացուցիչները մանրամասնել են
28/12/2009 17:39

ՀԱԿ ներկայացուցիչները մանրամասնել են

«Իշխանությունները միշտ տոների շրջանն օգտագործում են հատուկ բարբարոսական ակցիաների համար` ընդդիմության դեմ: Մենք նորից ճիշտ էինք, շատ լավ ենք հասկանում այս իշխանությունների բնույթը»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ ԱԺ պատգամավորության թափուր տեղի համար առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրարշավը բավականին լուրջ էր, ՀԱԿ-ը գոհ էր արդյունքներից, ժողովուրդը խանդավառությամբ էր ընդունում իրենց բաժանած քարոզչական նյութերը, և նման հաջող քարոզարշավի դեմն, ըստ Զուրաբյանի, պետք է առնվեր:

«Հանրապետական ողջ մեքենան այսօր մոբիլիզացվել է Գեղամյանի ներկայացուցչի` Արա Սիմոնյանի հաղթանակի համար: Խնդրի իրականացումը հանձնարարված է Գագիկ Բեգլարյանին, հարձակումը կազմակերպվել է 10/19 և 10/20 ընտարմասերի սպասարկող Հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանի կողմից»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ բախման արդյունքում Վահագն Գևորգյանը ստացել է գլխին հարված, բաց վերք, Սերգեյ Գասպարյանը` ուղեղի ցնցման նշաններ, Թևոս Մաթևոսյանը` ծնոտին հարված, բաց վերք, 6 կար է դրվել, Սարգիս Գևորգյանը` հարված քթին ու դեմքին, Սահակ Մուրադյանը և Վլադիմիր Կարապետյանը` հարված դեմքին:

«Ի դեմս իշխանության` մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա` ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ»,- հավելեց Զուրաբյանը:

Նիկոլ Փաշինյանի շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանն էլ նշեց, որ «դռնեդուռ» կոչված քարոզչության ձևը միակն է, որով իրենք կարող են ներկայացնել թեկնածուին, 10 հազար դուռ են բախել, և լավ արդյունքի են հասել. «Բնականաբար, սա լավագույն քարոզչության ձևը չէ, բայց մենք ստիպված ենք, քանի որ այլընտրանք չունենք: Երեկ քարոզիչների խումբը Վարդանանց փողոցի ողջ երկայնքով քարոզչություն է իրականացրել, երբ կատարվեց հարձակումը»:

Մաթևոսյանի խոսքերով, ապացուցվեց այն, որ անհավասար պայմաններում գտնվող Փաշինյանը ոչ թե մրցակցում է որևէ թեկնածուի հետ, այլ «կեղծիքի ու բռնության մեքենա է կանգնած» ՀԱԿ-ի դեմ:

ՀԱԿ մյուս ներկայացուցիչ, տուժած Վլադիմիր Կարապետյանը նախ նշեց, որ ոստիկանությունն իրենց զանգից միայն 40 րոպե հետո է ժամանել դեպքի վայր, երբ բոլորն արդեն ցրվել էին, «այն դեպքում, երբ 15-20 րոպե տևած հարձակման ժամանակ որևէ իրավապահ չկար տարածքում»:

ՀԱԿ ներկայացուցիչների հավաստիացմամբ` իրենք գործին ընթացք կտան` մինչև արդարացի վճռի կայացումը:
 

ՀԱԿ ներկայացուցիչները մանրամասնել են