«Թող 2010-ը լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին»
28/12/2009 17:31

«Թող 2010-ը լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին»

Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ այսօր ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպեցին «Ո՞վ, եթե ոչ ես » խորագրով հանրապետական շարադրության մրցույթի մասնակից, ավարտական դասարանների` ոսկե մեդալի թեկնածու 138 աշակերտներին:

Ողջունելով գալիք տարվա շրջանավարտներին և շնորհավորելով Ամանորի կապակցությամբ` երկրի ղեկավարը շնորհավորեց դպրոցականներին ակտիվ քաղաքացի լինելու կապակցությամբ: Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ հայտարարել էր, որ անձամբ կհանդիպի բոլոր այն պատանիներին և աղջիկներին, ովքեր որևէ ասպարեզում կառանձնանան իրենց գիտելիքներով, կդառնան Օլիմպիադաների հաղթողներ կամ մեդալակիրներ, և կսեղմի նրանց ձեռքը և հրապարակավ շնորհակալություն կհայտնի:

«Անցած տարվա մեդալակիրներին ու տարբեր առարկայական օլիմպիադաներում հաղթողներին ես արդեն ընդունել եմ, նույնը պատրաստվում եմ անել այսուհետ: Հետևաբար, ձեզնից շատ շատերը, հուսով եմ` բոլորը, ամռանը կրկին կայցելեն նախագահական նստավայր, և մենք կզրուցենք ապագա ծրագրերի շուրջ»,- ասաց երկրի ղեկավարը` հավելելով, որ ողջունում է Առաջին տիկնոջ կողմից հանրապետության լավագույն աշակերտներին ընդունելու գաղափարը:

«Ես էլ եմ շնորհավորում բոլորիդ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2010 թվականը լինի նվաճումների, առաջընթացի և ձեռքբերումների տարին: Ծանրաբեռնված տարի է սպասվում ձեզ, և, ի միջայլոց, ոչ միայն ձեզ` մեր ողջ հասարակությանը: Իսկ ձեզ սպասում են ավարտական քննություններ, պայքար մեդալների համար, ընդունելություն: Թող 2010-ը լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին: Գերազանց արդյունքները հաղթանակներ են, ձեր հաղթանակները: Իսկ հաղթելու համար մարդ պետք է կարողանա նախ ինքն իրեն հաղթել, իր կասկածներն ու անվստահությունը հաղթահարել»,- ասաց նախագահ Սարգսյանը:

«Ես կարող եմ. բոլոր հաղթանակները նախ սրանով են սկսվում: Ես ձեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն եմ ցանկանում, առավել ևս, որ վստահ եմ ձեր ուժերին և դրա համար ես նաև շատ լուրջ հիմքեր ունեմ»,- նշեց նա:

Նախագահը հայտնեց, որ մեծ բավականություն է ստացել` ծանոթանալով հանրապետական մրցույթի շարադրություններին: Նա առանձնացրեց և մեջբերեց մի քանի մտքեր` առավել տպավորված շարադրություներից:

«Ձեր աշխատանքների ընթերցումից իմ եզրակացությունն այն է, որ դուք, իսկապես, հավատում եք ձեր ուժերին ու վստահորեն եք նայում ապագային»,- ընդգծեց երկրի ղեկավարը և հավելեց.

«Ամենակարևորը, որ կարմիր գծի պես անցնում է ձեր աշխատանքներում, հայրենասիրությունն է, հավատը վաղվա հանդեպ ու պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը: Ձեր շարադրություններում ես տեսա հպարտություն, կրակ տեսա ու երազելու կարողություն: Սա չափազանց էական հանգամանք է»:

Նախագահ Սարգսյանը դպրոցականներին նվիրեց Գիրգոր Նարեկացու անմահ ստեղծագործությունը և մաղթեց, որ Նարեկը լինի ոչ միայն նրանց լավագույն ընկերը, այլև պահապանն ու ճիշտ ճանապարհից չշեղվելու փարոսը:

Դպրոցականներին շնորհավորեց նաև Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` մաղթելով, որ շրջանավարտները դառնան պիտանի մասնագետներ: Նա հույս հայտնեց, որ Ամանորյա հանդիպումը լավագույն դպրոցականների հետ կդառնա ավանդական:

2010 թվականի շրջանավարտներին ողջունեցին նաև փոքրիկ «Ձմեռ պապն» ու «Ձյունանուշը» և ծափահարությունների ներքո վառեցին նախագահական նստավայրի տոնական եղևնու լույսերը:
 

«Թող 2010-ը լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին»