.jpg)
Արտակ Ալեքսանյանը պայմանագիր ստորագրեց «Ուրալի» հետ
2009 թ. ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը վերադարձավ Ռուսաստան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ այդ ֆուտբոլիստը մեկ տարով պայմանագիր է ստորագրել «Ուրալ» ակումբի հետ, որը հանդես է գալիս ՌԴ առաջին դիվիզիոնում:
Նշենք, որ Հայաստանի չեմպիոնն արդեն հավաքվել է ողջ կազմով և, սկսած այսօրվանից, օրական երկու պարապմունք է անցկացնելու: Բացակայում է միայն Մբոլան, ով իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը: Նա «Փյունիկին» կմիանա Սոչիում պլանավորված ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Արդեն Երևան է վերադարձել Մարկոսը, ում համար նոր մրցաշրջանը, անշուշտ, կարողությունների բացահայտման տեսանկյունից յուրահատուկ է լինելու, քանի որ բրազիլացի ֆուտբոլիստն այս անգամ հնարավորություն ունի իր թիմի կազմում լիարժեք նախապատրաստություն անցնել: Թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը մկանային խնդիր ունի, բայց արդեն այսօրվանից սկսել է մարզվել: Վահագն Մինասյանն ու Դավիթ Մանոյանն այժմ առանձին ծրագրով են մարզվում: Այդուհանդերձ, Սոչիում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում նրանք կկարողանան մասնակցել նույնիսկ պլանավորված ստուգողական հանդիպումներին:
Հիշեցնենք, որ «Փյունիկից» հեռացել են Նորայր Սահակյանն ու Արտակ Անդրիկյանը: Վերջիններս թեպետ մարզվում են «Ուլիսում», սակայն, ըստ մեր տեղեկությունների, այդ ակումբի հետ դեռ պայմանագիր չեն ստորագրել: Ալբերտ Հովակիմյանն այժմ Ռուսաստանում է, և «Փյունիկի» ղեկավարությունը նրանից որևէ տեղեկություն չունի: Կրկին թիմ է վերադարձել Գրիգոր Մելիքսեթյանը: Նա, ի դեպ, մեկնել էր Իրան, բայց չկարողացավ այնտեղ հաջող քննություն հանձնել: