.jpg)
Թիվ 10 ընտրատարածքի դիտորդները բողոքում են մյուս դիտորդներից
10 ընտրատարածքում նախօրեին կայացած Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն 10/12, 10/15 և 10/15 ընտրատեղամասերում: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` ներկայացնելով նշված և այլ տեղամասերում արձանագրված խախտումները:
Ըստ բանախոսի, 10/12, 10/15 և 10/19 ընտրատեղամասերում արձանագրվել են կոպիտ խախտումներ` բաց քվեարկության, ընտրողների, դիտորդների և լրագրողների վրա ճնշում գործադրելու, հաշվարկի ժամանակ այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձանց գտնվելու և մի քանի այլ դեպքեր, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա, ինչպես նաև` լցոնումներ: Նա նաև նշեց, որ քվեարկության ընթացքում 10/19 ընտրատեղամասում մեկ ժամով անհետացել էին ընտրամատյանները:
Բանախոսը դժգոհություն հայտնեց ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Ազատ հասարակակության ինստիտուտ» ՀԿ դիտորդներ Արմեն Սահակյանի և Դավիթ Սիմոնյանի գործունեությունից` հայտնելով, որ վերջիններս ուղղակի ազդում էին քվեարկության ընթացքի վրա:
«Նրանք ուղղակիորեն մասնակցում էին ընտրական կեղծիքների: Դա նաև քարոզչություն էր թեկնածուներից մեկի օգտին, ընտրողների ուղղորդված բերում ընտրատեղամասեր և ճնշումներ ` մյուս դիտորդների և լրագրողների նկատմամբ»,-ասաց նա:
Ըստ Արթուր Սաքունցի, մի շարք խախտումմներ են արձանագրվել մասնավորապես 10/07, 10/10, 10/16, 10/08, 10/19, 10/21 տեղամասերում, ընտրությունների կազմակերպման ցածր մակարդակ` 10/11, 10/25, 10/24, 10/12, 10/14 և 10/30 տեղամասերում:
Հայտնելով ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրողների հանդեպ տեղ գտած ճնշումների մասին, բանախոսը նաև դժգոհություն հայտնեց հեռուստաընկերությունների կողմից ընտրությունները պատշաճ մակարդակով չլուսաբանելու կպակցությամբ` նշելով, որ լրագրողների առավել ակտիվ մասնակցության դեպքում ընտրախախտումները քիչ կլինեին:
Արթուր Սաքունցը նշեց, որ հարկավոր է ծառայողական քննություն անցկացնել ոստիկանության բոլոր այն աշխատակիցների նկատմամբ, որոնք անբարեխիղճ էին իրականացրել ծառայությունն այն տեղամասերում, որտեղ արձանագրվել են ընտրակարգի խախտման դեպքեր, պատասխանատվության ենթարկել «Ազատ հասարակակության ինստիտուտ» ՀԿ անդամներ Արմեն Սահակյանին և Դավիթ Սիմոնյանին, ինչպես նաև` բոլոր նրանց, ովքեր խանգարել են ընտրությունների բնականոն ընթացքին: Նա գոհունակություն հայտնեց մի շարք ընտրատեղամասերում դիտորդների, հանձնաժողովի անդամների և լրագրողմների միջև ձևավորված աշխատանքային արդյունավետ մթնոլորտի առկայությունից, ինչի շնորհիվ, նրա խոսքերով, հնարավոր եղավ որոշակիորեն կանխել ընտրախախտումներն ու առավելագունս ապահովել քվեարկության թափանցիկությունը: