Ուխտագնացություն Չինսուրա
11/01/2010 18:26

Ուխտագնացություն Չինսուրա

Հունվարի 10-ը Չինսուրայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրն էր: Այս մասին տեղեկացնում է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը:

Կալկաթայի հայ համայնքը` մասնակցությամբ ճեմարանի սաների և ուսուցիչների, ուխտի է գնացել Կալկաթայից 65 կմ հեռավորության վրա գտնվող վերոհիշյալ եկեղեցին:

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում գտնվող Չինսուրա (Չիչրա) բնակավայրը ժամանակին եղել է նշանավոր առևտրային կենտրոն: 1695թ. կառուցած Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին համարվում է Բենգալիայում կառուցված երկրորդ հնագույն քրիստոնեական եկեղեցին, իսկ Հնդկաստանի հայ գաղութի կանգուն եկեղեցիների շարքում` առաջինը:

Եկեղեցու տարածքում գտնվող հնագույն գերեզմանատանը պահպանվել է հայատառ 180 գերեզմանաքար:

Կալկաթայի Ս. Նազարեթ Մայր եկեղեցում պահվող Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը տարին մեկ անգամ է դուրս բերվում` Սրբի ուխտի օրը:

Օրվա պատարագիչն էր Հնդկահայոց հոգևոր հովիվ Հայր Խորեն Հովհաննիսյանը: Հընթացս պատարագի` Հայր Խորենը Ս. Հովհաննես Մկրտչի Ոսկե Աջով օրհնել է ներկաներին և իր պատգամը փոխանցեց հավատացյալ հայորդիներին:
 

Ուխտագնացություն Չինսուրա