Թիվ 10 ընտրատարածքում ընտրություններն ավարտված են
11/01/2010 09:39

Թիվ 10 ընտրատարածքում ընտրություններն ավարտված են

Երևանի թիվ 10 ընտրատարածքում նախօրեին կայացան Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները, որոնց մասնակցել է ընտրողների 24,3 տոկոսը:

Հիշեցնենք, որ երբ պատգամավորի մանդատը վայր դրեց ընդդիմադիր գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատգամավորական մանդատը թափուր էր մնացել:

Թափուր պատգամավորական մանդատի համար պայքարում էին «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Թեպետ Արա Սիմոնյանի և Դավիթ Հակոբյանի շտաբերը ընտրությունների ընթացքից չեն դժգոհել, այնուամենայնիվ, պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի շտաբը ահազանգել է ընտրատեղամասերում գրանցված խախտումների վերաբերյալ:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ հրապարակված չեն, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ընտրողների ձայները տեղաբաշխվել են թեկնածու Արա Սիմոնյանի օգտին: Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, իսկ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երրորդն է:

 

Թիվ 10 ընտրատարածքում ընտրություններն ավարտված են