.jpg)
Կուսուցանվեն եվրոպական գործարարության գաղտնիքները
Փետրվար 3-5-ը Երևանում կանցկացվի «Արդյունավետ բիզնես. հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ» միջազգային դասընթացը: Այն կազմակերպում են Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը` որպես Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության մասնագիտացված գործակալություն, և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Ինչպես Aysor-ին հայտնեց ԻՏՁՄ մասնագետ Վահան Հովսեփյանը, դասընթացները նախատեսված են միայն ընկերությունների համար, իսկ անհատ ձեռնարկատերերը դրանց մասնակցել չեն կարող: Սահմանվել է դասընթացին մասնակցության հայտերի ընդունման 3 վերջնաժամկետ` 2009 թ. դեկտեմբերի 15, 2009 թ. դեկտեմբերի 31 և 2010 թ. հունվարի 27: Վ. Հովսեփյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է դասընթացին մասնակցության համար վճարների չափով` 30 հզ., 40 հզ. և 50 հզ. դրամ, և շուտ դիմողներն ավելի քիչ են վճարելու: Միաժամանակ, նա նշեց, որ Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի մասնակիցների համար դասընթացն ավնճար է, ԻՏՁՄ անդամների և մարզերի մասնակիցների համար սահմանվել է 50 % զեղչ:
Վ. Հովսեփյանը տեղեկացրեց, որ արդեն մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր ոլորտների 15 ընկերություններ:
«Դասընթացներն անցկացվում են կենտրոնի 5-ամյա ծրագրի շրջանակներում, որը սկսվել է 2008 թ-ին: Տարեկան 2 անգամ պրոֆիլային դասընթացներ պետք է լինեն, որոնք կնպաստեն հայկական ընկերությունների արտադրանքի` ԵՄ շուկա արտահանմանը»,- ասաց Վ. Հովսեփյանը:
Դասընթացը վերաբերում է Եվրոպական տարբեր երկրներում տնտեսական գործունեություն ծավալող կամ ծավալել պատրաստվող ընկերությունների կարողությունների զարգացմանը` իրենց ընկերությունը պատշաճ ներկայացնելու, գործարար կապեր հաստատելու, տվյալ երկրների գործարար հաղորդակցման առանձնահատկություններից օգտվելու, թիրախային շուկաներում առաջխաղացման և վաճառքների խթանման ոլորտներում: Դասընթացն անցկացնելու են արտասահմանյան մասնագետները: