Հենրիխ Մխիթարյան. «Կաշխատեմ կատարելագործվել»
11/01/2010 18:27

Հենրիխ Մխիթարյան. «Կաշխատեմ կատարելագործվել»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հայտնում է Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքը, կարճ ժամանակում կարողացավ նվաճել ոչ միայն իր թիմակիցների, այլ նաև դոնեցկյան թիմի երկրպագուների հարգանքը: Ակումբի կայքի թղթակիցը հարձակողական ոճի հայ ֆուտբոլիստին խնդրել է պատմել, թե ինչպես է նա անցկացրել արձակուրդը:

- Հաջողվեց հանդիպել մտերիմ ու հարազատ մարդկանց հետ,- նշել է Մխիթարյանը:- Դեկտեմբերի 24-ին ընտանիքիս հետ մեկնեցի Բարսելոն` հանգստանալու նպատակով: Այնտեղ մեկ շաբաթ անցկացրեցի: Հունվարի 1-ին վերադարձանք Երևան:

- Ի՞նչ տարբերություններ ունեն Ամանորի և Սուրբ Ծննդի տոնակատարությունները Հայաստանում և Իսպանիայում:

- Հայաստանում նախ Ամանորն են նշում, իսկ իսպանացիները դեկտեմբերի 25-ին իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացնում են Սուրբ Ծննդի տոնի վրա: Ինչ-որ տարբերություններ չնկատեցի, իսկ իմ ընտանիքը շատ գոհ էր արձակուրդից:

- Հենրիխ, դեկտեմբերին ճանաչվեցիր Հայաստանի 2009 թ. լավագույն ֆուտբոլիստ, իսկ այնուհետև «Մետալուրգի» երկրպագուները քեզ ճանաչեցին ակումբի լավագույն խաղացող: Դա ի՞նչ է նշանակում քեզ համար:

- Ինձ համար շատ հաճելի է, որ ինձ լավագույնն են համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ ակումբում: Ես չեմ բավարարվի ձեռք բերածով: Կաշխատեմ կատարելագործվել:

- Հաջողվե՞ց լիարժեք հանգստանալ:

- Այո: Մարտից մինչև դեկտեմբերի կեսերը մեծ թվով հանդիպումների եմ մասնակցել: Հաճախ շաբաթվա ընթացքում երկու հանդիպում էինք անցկացնում: Անշուշտ, հեշտ չէր: Կարծում եմ` լավ հանգստացել եմ և կարող եմ պատրաստվել առաջիկա ուսումնամարզական հավաքներին:

Հենրիխ Մխիթարյան. «Կաշխատեմ կատարելագործվել»