.jpg)
Մոուրինյո. «Սիենան» արժանի չէր պարտության»
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սիենայի» նկատմամբ 4:3 հաշվով տոնած հաղթանակից հետո խոսել է հանդիպումից իր ստացած տպավորությունների մասին: Այս մասին տեղեկացնում է calcionews.net-ը:
«Մենք հաղթեցինք ոչ միայն այն պատճառով, որ մարզական բախտը ժպտաց մեզ: Պետք է նշել, որ անհավանական բնավորություն դրսևորեցինք, և դա մեզ հսկայական քաջություն տվեց: Նույնիսկ երբ հավասարեցրեցինք հաշիվը, չկորցրեցինք կենտրոնացումը և չխաղացինք ոչ-ոքիի համար: Շարունակեցինք պայքարել և հաղթանակ տոնեցինք: Ես ներողություն եմ խնդրում «Սիենայից», քանի որ այդ թիմն արժանի չէր պարտության: Հասկանում եմ, թե նման իրավիճակում միավորներ կորցնելը որքան ցավալի է:
Հանդիպման ընթացքում մի պահ մտածեցի, որ 8 տարվա ընթացքում առաջին անգամ ես կպարտվեմ սեփական հարկի տակ խաղում: Սակայն լավ կլիներ, որ առաջին պարտությունը կրեի «Սիենայից», քան այնպիսի մարզչից ու թիմից, որոնց չեմ սիրում:
Գիտեմ, թե որքան երջանիկ էին «Միլանն» ու «Յուվենթուսը»` համարելով, որ կպարտվենք: Բայց վստահ եմ, որ 93-րդ րոպեին նրանց ներկայացուցիչները պատրաստ են եղել հեռուստացույցները շպրտել լուսամուտից: Այս խաղում մեկ միավորն արդար արդյունք կլիներ: Եթե վերլուծենք ինչպես մեր, այնպես էլ «Սիենայի» խաղը, կհասկանանք, որ մեր կողքին էր նաև Հաջողությունը»,- հայտարարել է Մոուրինյոն: