Ռոման Բերեզովսկին դեռ կարող է ընդգրկվել «Փյունիկի» կազմում
11/01/2010 16:12

Ռոման Բերեզովսկին դեռ կարող է ընդգրկվել «Փյունիկի» կազմում

Մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին այժմ մնացել է առանց ակումբի, և Երևանի «Փյունիկի» ղեկավարությունը չի բացառում, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է հանդես գալ Հայաստանի չեմպիոնի կազմում: Այդ մասին այսօր հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Մեր ակումբը չի կորցնում կապը Բերեզովսկու հետ, և եթե նա հնարավորություն չունենա հանդես գալ ռուսաստանյան որևէ թիմի կազմում, անպայման «Փյունիկում» խաղալու հրավեր կստանա»,- նշեց Վարդան Մինասյանը:

Ի դեպ, «Փյունիկը» հետաքրքրված է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանի ծառայություններով: Վերջինս Դոնեցկի «Մետալուրգից» վերադարձել է Երևան: Ըստ նախնական տեղեկությունների` Արարատ Առաքելյանը մտադիր էր կարիերան շարունակել իր նախկին ակումբում` «Բանանցում»: Առայժմ հայտնի չէ, թե ֆուտբոլիստն ինչպիսի ընտրություն կկատարի, քանի որ, ըստ վերջին տեղեկությունների, նա դեռևս պայմանագիր չի ստորագրել «Բանանցի» հետ:

Ավելացնենք, որ սելեկցիոն նպատակներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը վերջերս մեկնել էր Բելգիա: Անդրադառնալով այդ թեմային` նա հայտարարեց, որ այն ֆուտբոլիստների խաղը, ովքեր իրենց տեսադաշտում էին, չի հավանել: Վարդան Մինասյանը շեշտեց նաև, որ «Փյունիկի» 2 ֆուտբոլիստներ, իրենց հերթին, հայտնվել են բելգիական բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչներից մեկի ուշադրության կենտրոնում:

«Ես չեմ ուզում նշել, թե «Փյունիկի» կոնկրետ որ ֆուտբոլիստների ծառայություններով են բելգիացիները հետաքրքրված: Կարող եմ ասել միայն, որ, ամենայն հավանականությամբ, այդ խաղացողները մեկ շաբաթով կհրավիրվեն փորձաշրջանի: Այդ ժամանակ էլ կհրապարակենք նրանց անունները»,- ասաց Վ. Մինասյանը:

Ռոման Բերեզովսկին դեռ կարող է ընդգրկվել «Փյունիկի» կազմում