.jpg)
Ացկացվում է «Թռչուններն իմ բակում» մրցույթ
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոնն» անց է կացնում «Թռչուններն իմ բակում» ամենամյա մրցույթ, որի նպատակն է դիտարկել ձմեռող թռչուններին: Ինչպես Aysor-ին հայտնեց մրցույթի համակարգող Գայանե Աճեմյանը, մրցույթին կարող են մասնակցել դպրոցական տարիքի երեխաները:
«Մրցույթը նպատակ ունի սերմանել հոգատարություն և մանուկներին ներգրավել բնության առօրյա կյանքում»,- ասաց Գ. Աճեմյանը:
Մրցույթն ունի մի քանի անվանակարգեր` լավագույն լուսանկար, լավագույն նկար և լավագույն դիտարկում: Մրցույթին մասնակցելու նախապայմանը կտաման պատրաստելն է: Այնուհետև, մինչև մարտի 15-ը պետք է ուղարկել «սեփական արտադրության» կտամանի մոտ արված թռչնի լուսանկարները կամ նկարները, կամ կտամանի մոտ արված դիտարկումները:
«Դիտարկման մեջ կարելի է նկարագրել կտամանը, նրա տեղադրման վայրը, եղանակը, դիտարկումների կատարման ժամկետները, դիտարկված թռչունների տեսակները, թռչունների այցելությունների թիվը և այլն»,- նշեց Գ. Աճեմյանը:
Յուրաքանչյուր մասնակից կարող է միաժամանակ մասնակցել բոլոր երեք անվանակարգերում: Լավագույն դիտարկումները, լուսանկարները և նկարները կտեղադրվեն «Հակոբյան բնապահպանական կենտրոնի» ինտերնետային էջում: