Եվրոգոտին հնարավոր է լքեն թույլ երկրները
06/02/2010 14:01

Եվրոգոտին հնարավոր է լքեն թույլ երկրները

Եվրոգոտին վերջին 11 տարիների, իսկ ավելի ստույգ` իր հիմնադրման օրից, ամենածանր ճգնաժամն է ապրում: Խոսքը դեռևս չի գնում եվրոյի միասնական գոտու մոտալուտ անկման մասին, սակայն Եվրոգոտու ամենաթույլ անդամները վերջնահաշվում կլքեն այս միությունը- հայտնում է Reuters-ը:

Խոսքը գնում է Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի մասին, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում պայքարել ազգային բյուջեներում դեֆիցիտի կտրուկ մեծացման դեմ: Ներդրողների աճող մտավախությունների և դրանցով պայմանավորված` նշված երկրների հնարավոր դեֆոլտների ֆոնի վրա, արդեն երկրորդ օրն անընդմեջ եվրոպական բոլոր շուկաները անկումային ցուցանիշներ են արձանագրում, իսկ եվրոն դոլարի նկատմամբ նորանոր բացասական ռեկորդներ է սահմանում:

Միաժամանակ, շուկայի մասնակիցները և ներդրողները հասկանում են, որ ոչ ոք թույլ չի տա այս երկրներին դեֆոլտ հայտարարել: Իրավիճակի բարդացման դեպքում Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրահանձնաժողովը գործուն միջամտություն կցուցաբերեն: ԵՄ խորտակվող երկրների փրկությունը զգալիորեն կազդի Եվրոգոտու բոլոր երկրների վրա:

«Նախկինում Եվրոգոտու բոլոր երկրները շատ թե քիչ հավասար էին: Ներկայում մեծ տարբերություն է զգացվում: Մի կողմից մենք տեսնում ենք Իսպանիային, Հունաստանին և Պորտուգալիային, իսկ մյուս կողմից` Գերմանիային»,-ասել է ԱՄՀ առաջատար տնտեսագետ Օլիվեր Բլանշարդը: