«Կրակող տունը»` ֆիլմ Արցախյան պատերազմի մասին
06/02/2010 12:24

«Կրակող տունը»` ֆիլմ Արցախյան պատերազմի մասին

Լեռնային Ղարաբաղում նկարահանվել է Արցախյան գոյամարտի պատմությանը նվիրված առաջին գեղարվեստական կինոնկարը` «Կրակող տունը»: Նախատեսվում է, որ այն սկիզբը կդառնա իրական փաստերի վրա հիմնած գեղարվեստական կինոնկարների շարքի:

Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը, կինոնկարը նկարահանվել է Արցախյան գոյամարտի մասնակից, արցախցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա և ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի դրվագներից մեկը` իր տունը պաշտպանող մի տարեց մարդու հերոսության պատմությունը:

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է Գեորգի Ղազարյանը, որը ևս երկար տարիներ աշխատել է ֆոտո և հեռուստալրագրող, ռեժիսոր-վավերագրագետ և օպերատոր, հիմնել և ղեկավարել է «ԼՂՀ ճակատային լրագրողների լիգան»:

20 րոպե տևողությամբ կինոնկարը նկարահանվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության հովանու ներքո, տեխնիկական օժանդակությունը ցուցաբերել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, ֆինանսականը` գործարար Կարեն Բաղդասարովը:

Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Վահրամ Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան Մարտին Ալոյանը:

Գեորգի Ղազարյանը պատրաստվում է նկարահանել Ղարաբաղյան պատերազմին նվիրված և իրական փաստերի վրա հիմնած գեղարվեստական կինոնկարների մի շարք:

«Շարքի ստեղծման գաղափարը շուտ էր ծագել: 2009 թվականին արդեն նկարահանվել է Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին գեղարվեստական կինոնկարը` «Կրակող տունը», որն առաջինն է այդ շարքից: Պատմելով խաղաղ բնակչության մասին` մենք մտադիր ենք ներկայացնել Ղարաբաղյան պատերազմը»,- նշել է նա:

Ըստ Ղազարյանի, 2010 թվականին կավարտվեն ևս մեկ ֆիլմի ստեղծման աշխատանքները` «Պատերազմը անհետևանք չէ», որի հիմքում ընկած են Երևանի Պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի պատմած իրական դեպքերը:

«Ֆիլմի սցենարը իրական դեպքերի վրա է հիմնած: Գուրգեն Մելիքյանն ականատես է եղել, թե ինչպես հայ զինվորականն օգնել է փրկվել հղի մի կնոջ, որը, փախչելով ադրբեջանցի զինվորականների բարբարոսություններից, հետ էր ընկել յուրայիններից: Զինվորը խնդրել էր այդ կնոջը երեխային անվանակոչել իր անվամբ` Նարեկ»,- պատմել է Գ.Ղազարյանը:

Նշենք, որ Աշոտ Բեգլարյանի ստեղծագործությունների հետ ընթերցողները կարող են ծանոթանալ գրողի ստեղծագործական էջում. http://litsovet.ru/index.php/author.page?author_id=2273
 

«Կրակող տունը»` ֆիլմ Արցախյան պատերազմի մասին