Բուրջանաձեն պատրաստվում է մեկնել Մոսկվա
06/02/2010 15:12

Բուրջանաձեն պատրաստվում է մեկնել Մոսկվա

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, իսկ այժմ ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պատրաստվում է մեկնել Մոսկվա ` բանակցելու ռուս-վրացական հաշտեցման վերաբերյալ: Ինչպես հայտնում է «Իզվեստիա» թերթը, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման նպատակով Ռուսաստան մեկնելու պատրաստակամության մասին հայտնել են Վրաստանի ընդդիմության այլ ներկայացուցիչներ ևս:

Թերթը նշում է, որ Մոսկվա մեկնելու մտադրության մասին Նինո Բուրջանաձեն հայտնել է Դավոսից վերադառնալուց հետո, որտեղ նա հեռախոսազրույց է ունեցել վրացական ընդդիմության մյուս առաջնորդ, վտարանդի, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի հետ:

«Այն, որ մենք չպետք է խոսենք Ռուսաստանի հետ, պոպուլիզմ է և անպատասխանատվություն: Ես բանակցելու եմ բոլորի հետ` Ռուսատսանի ղեկավարության, ռուսաստանյան ընդդիմության և փորձագետների, այնպես, ինչպես զրուցում եմ եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների և փորձագետների հետ»,-նշել է Ն. Բուրջանաձեն:

Պատասխանելով ընդդիմության առաջնորդների մտադրությանը` «լեզու գտնել զավթիչների հետ», Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «արջի հետ միայն զենքով է պետք խոսել, նույնիսկ, եթե նրան դուր ես գալիս»:

Բուրջանաձեն պատրաստվում է մեկնել Մոսկվա