Պատգամավոր. Փոստանջյանի արարքը հարգանք չի բերում Հայաստանին
06/02/2010 13:49

Պատգամավոր. Փոստանջյանի արարքը հարգանք չի բերում Հայաստանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ընդդիմադիր ուժին որոշելու հարցը բարձրացնելու հետ կապված նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել այս օրերի ընթացքում: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով` ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը չցանկացավ լրացուցիչ գնահատական տալ:

«Նշեմ միայն, որ ՀՀ իշխանություններին, պետությանը, պետական գործիչներին այս կամ այն քաղաքական գործիչը կարող է չսիրել, բայց հարգել` որպես պետության ղեկավար, պետական ապարատի ներկայացուցիչ: Նաև որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ, պարտավոր է»,- ընդգծեց Հ. Սահակյանը:

Ըստ պատգամավորի` Զ. Փոստանջյանի «այդ արարքը հարգանք չի բերում ոչ միայն իրեն` Զարուհի Փոստանջյանին, այլև ողջ Հայաստանի Հանրապետությանը»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ զերծ կմնա «կոշտ գնահատականներ տալուց` հաշվի առնելով Զ. Փոստանջյանի հղի լինելու հանգամանքը»:

Անդրադառնալով «Ժառագնություն» խմբակցության պատգամավորի կատարած քայլի հետևանքներին` Հանրապետական խմբակցության պատգամավորը հայտնեց, որ «ԵԽԽՎ-ի տարբեր հանձնաժողովների անդամների կողմից ուղղակի և անուղակի արձագանքներ եղան առ այն, որ նման անհեթեթ հարցերը պետք չէ հասցնել ԵԽԽՎ և դարձնել քննարկման առարկա»:

«Ընդդիմության ով լինելը չի որոշում ո´չ ԵԽԽՎ-ն, ո´չ Զարուհի Փոստանջյանը»,- այս առիթվ նշեց Հ. Սահակյանն ու հավելեց, որ «իր համար շատ ավելի տպավորիչ կլիներ, եթե ԵԽԽՎ-ում Զ. Փոստանջյանը միանար հայաստանյան պատվիրակության անդամներին և միջազգային այլ պատվիրակությունների անդամներին բաժաներ մեր կողմից պատրաստված` 1919 թ-ի և դրանից հետ Ադրբեջանում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստերը ներկայացնող նյութերը»:

Իսկ «Ժառանգության» կողմից հնչեցվող բազմաթիվ այն հայտարարություններին, թե իշխանությունները խոչընդոտում են իրենց գործունեությունը միջազգային կառույցներում, ի պատասխան Հ. Սահակյանը հայտնեց. «Եթե «Ժառանգությանը» մնա, ապա կարող են ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի դիմումն էլ է Հանրապետականը գրել»:
 

Պատգամավոր. Փոստանջյանի արարքը հարգանք չի բերում Հայաստանին