ԵԱՀԿ նախագահի այցը Կովկաս նախատեսվում է փետրվարի 15-ին
06/02/2010 09:43

ԵԱՀԿ նախագահի այցը Կովկաս նախատեսվում է փետրվարի 15-ին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 15-ին նախատեսում է սկսել իր այցը Կովկասի հակամարտությունների գոտիներ` աջակցելու վերջիններիս հանգուցալուծմանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին Սաուդաբաևը հայտարարել է Նյու-Յորքի ՄԱԿ գրասենյակում, որտեղ մասնակցում էր ԱԽ նիստին:

ԵԱՀԿ նախագահը նշել է, որ «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծումը, այդ թվում` ԽՍՀՄ նախկին տարածքում, կլինի Աստանայի` ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը:

«Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում, որոնցից երեքը գտնվում են նախկին ԽՍՀՄ տարածքում: Հաշվի առնելով Ղազախստանի պատմական ընդհանրությունը, մտածելակերպի մոտ լինելը հակամարտությունների կողմերին, ինչպես նաև նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեղինակությունը նրանց շրջանում` հույս ունենք որոշակի լիցք հաղորդել մեր գործընկերների ջանքերին, որոնք մասնակցում են այդ ոչ հեշտ գործընթացին», - հայտարարել է Սաուդաբաևը:

Կանատ Սաուդաբաևը նշել է, որ հենց այդ հարցերին է նվիրված լինելու նրա փետրվարի 15-ից մեկնարկող այցը Հարավային Կովկաս, որտեղ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն համանախագահում են ժնևյան քննարկումների շրջանակներում: Այդ երեք կողմերի միջև հետագա համակարգումը, ըստ ԵԱՀԿ նախագահի, առանցքային դեր է կատարում Հարավային Կովկասի հակամարտությունների գոտիներում կայունության ամրապնդման հարցում:
 

ԵԱՀԿ նախագահի այցը Կովկաս նախատեսվում է փետրվարի 15-ին