Տերրին զրկվեց ավագի թևկապից
06/02/2010 14:54

Տերրին զրկվեց ավագի թևկապից

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով հաստատել է, որ «Չելսիի» պաշտպան Ջոն Տերրին զրկվել է հավաքականի ավագի թևկապից:

Հիշեցնենք, որ երեկ «Ուեմբլի» մարզադաշտում տեղի է ունեցել 29-ամյա Տերրիի և ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հանդիպումը, որը տևել է ընդամենը 12 րոպե: Մարզիչը փորձել է պարզել` արդյոք ճի՞շտ է, որ Ջոնը եղել է Ուեյն Բրիջի կնոջ` Վանեսա Պերրոնսելի սիրեկանը:

Արդյունքում Կապելլոն որոշել է Տերրիին զրկել ավագության իրավունքից: Անգլիայի ընտրանու ավագի թևկապը կհանձնվի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին:

«Երկար մտորելուց հետո ես որոշեցի, որ ավելի լավ կլինի, եթե Ջոն Տերրին այսուհետ չկատարի ավագի պարտականությունները: Այդ ֆուտբոլիստի քայլերը, որպես ավագի, միշտ էլ դրական օրինակ են եղել մյուսների համար: Սակայն ես պետք է նկատի ունենայի վերջին իրադարձությունները և որոշեի, թե որ տարբերակը լավագույնը կլինի մեր հավաքականի համար»,- նշված է Կապելլոյի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Ջոն Տերրին, իր հերթին, խոստացել է, որ կշարունակի ամեն ինչ անել հանուն ազգային թիմի: «Ես հարգում են Ֆաբիո Կապելլոյի որոշումը և կշարունակեմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Անգլիայի հավաքականը հաջողությունների հասնի»,- Տերրիի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:

Տերրին զրկվեց ավագի թևկապից