.jpg)
Վիրտուալ հարստանալու կոչեր, հարստացողների կոնֆիդենցիալ թվեր
Իննա Գալստյանն արդեն 3-րդ ամիսն է` փորձում է գումար աշխատել տնային պայմաններում: «Լսելով, որ վիրտուալ, տանը նստած կարող եմ գումար աշխատել, որոշեցի ես էլ փորձել, նախնական ներդրում կատարեցի` 20 ԱՄՆ դոլար: Առայժմ միայն վնասով եմ աշխատում, բայց հույս ունեմ մի օր բարելավել ֆինանսական վիճակս, թեկուզ պետք է խոստովանեմ, որ պատահում է` մոռանում եմ տնեցիներիս ու ընկղմվում վիրտուալ աշխարհում»,- պատմեց Ի. Գալստյանը:
Նրան էլ շատերի պես գայթակղել է տնային պայմաններում, փոխարժեքի տատանումների վրա հիմնվելով ու կանխատեսումներ կատարելով գումար աշխատելու գովազդը, որն ասում է, թե կարող ես տանը նստած, քիչ ներդրումով մեծ գումարներ աշխատել, բայց պետք է շատ համբերատար լինես:
Նման մի ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջերի օգնական Արթուր Սիսակյանն Aysor-ի հետ զրույցում նշեց, որ այդ կերպ գումար աշխատելու իմաստն այն է, որպեսզի ֆինանսական միջազգային շուկայի և դոլարի փոխարժեքի տատանումների վրա մարդիկ փորձեն գումար վաստակել` առանց տնից դուրս գալու:
«Ծառայությունն ամբողջությամբ լիցենզավորված է, այն նման է խաղի, բայց այստեղ դա աշխատանք է, ամերիկյան ֆոնդային բորսայում մեծ խումբ է դա, անգամ ամեն խումբ ունի իր հագուստը, թիմերով են խաղում, առնում են, վաճառում են, սա ավելի ցիվիլ է, համակարգչի առաջ նստած ես այդ ամենն անում: Ինչո՞ւ Հայաստանում պիտի չունենանք»,- ասաց Սիսակյանը:
Նա ներկայացրեց, որ ցանկացած ֆինանսական շուկայի աշխատող իր հաշիվն ունի, ծրագրերը կարող են տեղադրվել համակարգչի վրա, իսկ վաստակած գումարը ստանալ որևէ բանկից:
Սակայն նա հիշեցրեց, որ եթե հաշիվ չկա, առևտուր էլ չկա, «գնել կամ վաճառել չկա», և որքան հաշիվը բարձր է, այնքան «տալ-առնելն» ավելի շատ է ու մեծ է հաղթելու հավանականությունը:
Իսկ թե գործունեության ընթացքում քանի՞ հայաստանցի է մասնակցում ծրագրին, քանի՞ հոգի են գումար աշխատել, Արթուր Սիսակյանը չպատասխանեց. «Թվերի մասին չեմ կարող ասել, կոմֆիդենցիալ են, սակայն կասեմ, որ բավականին հետաքրքրվողներ կան, վիրտուալ աշխատողներ կան, նաև ռեալ գումարներ աշխատողներ կան»:
Թե որքանո՞վ է քաղաքացին հավատում վիրտուալ իրականության շնորհիվ հարստանալու կոչերին, թողնում ենք քաղաքացու հայեցողությանը, բայց որ շատ տնային տնտեսուհիների համար այն դարձել է պարզապես ժամանակ վատնելու աղբյուր, փաստը կա: Շատ դեպքերում էլ նրանք մխիթարվում են ներդրած 20 ԱՄՆ դոլարով, ու շարունակում հուսալ, որ մի օր 20-ը կդառնա 2 հազար: