19/02/2010 11:15
Այսօր գիրք նվիրելու օր է. մարզային գրադարանները նվեր կստանան
Այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է, որը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության բաժնից, օրվա կապակցությամբ Ազգային գրադարանից գրականության նվիրատվություն կստանան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի մարզային գրադարանները:
Բացի այդ` Ազգային գրադարանը գրքեր կնվիրի Վայոց Ձորի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի գյուղական մեկական գրադարանների, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի երկուական գրադարանների:
Տոնի շրջանակներում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը փետրվարի 19-21-ը կանցկացնի Մանկապատանեկան գրքի երևանյան 3-րդ տոնավաճառը: Տոնավաճառի պաշտոնական բացումը նախատեսվում է անցկացնել վաղը` ժամը 14:00-ին:
Հարկ է նշել, որ այսօր ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալությունը` գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, հանդիպում կունենա Գյումրու Մանկավարժական համալսարանի ուսանողության հետ:
Գիրք նվիրելու օրը «Գիրք» հիմնադրամի կողմից նվիրատվություն կստանան նաև մայրաքաղաքի մանկատները և դպրոցները: