05/03/2010 14:11
Կենսաչափական տվյալներով անձնագրերը Եվրախորհրդի պահանջն են
Կենսաչափական տվյալներով անձնագրերը և նույնականացման քարտերը քաղաքացիներին կտրվեն 2011 թ. հունվարից: Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, այդ գործընթացը պարտադիր չէ և ՀՀ քաղաքացիները մինչև ներկա անձնագրի գործածության ավարտը կարիք չունեն անձնագիր փոխել:
«Երբ անձնագրի ժամկետը լրանա, քաղաքացին կստանա նունականացման քարտը, որը լինելու է պետական տուրքով` այն չափով, ինչքան որ նախատեսված է անձնագրի համար: Այսինքն, քաղաքացին որևէ բարդություններ կամ խնդիրներ չի ունենալու»,- հավաստեց Ն. Մուրադխանյանը:
Արտերկիր մեկնելու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալներով անձնագիրը դա չիպով անձնագիր է, որը ներառում է այն բոլոր անկետային տվյալները, որ անձնագրում կա`անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ և այլն, բայց Եվրախորհրդի պահանջով ներառվել են նաև երկու ցուցամատի մատնահետքերը: Նույնականացման քարտում նախատեսվում են նույնպես անկետային տվյալներ և լուսանկար, բացի դրանից նախատեսվում է, որ կլինի նաև քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը, առողջապահական, վարորդական, բանկային, հարկային գործառույթների հետ կապված և այլ տվյալներ:
Պատասխանելով Aysor-ի հարցին, թե էլեկտրոնային ստորագրության համար որքան գումար է գանձվելու, Ն. Մուրադխանյանը նշեց, որ նույնականացման քարտ ստանալիս այն արդեն պարունակելու է թվային ստորագրությունը և դրա համար հավելյալ գումար չեն գանձելու:
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ տնօրեն Արթուր Ղուլյանի խոսքով, զարգացած երկրներից շատերը ներկայումս ունեն լուրջ խնդիր` ունենալով զարգացած համակարգեր յուրաքանչյուր ոլորտում, դրանք հաշվի առնված չեն եղել համատեղ աշխատելու համար:
«Այսօր Հայաստանում այդ էլեկտրոնային համակարգը դեռ չկա: Հաջողության համար առաջինը պետք է ստեղծել ենթակառուցվածք`նույնականացման քարտերը, հավաստագրման կենտրոնը, որը թույլ կտա հետագայում ծառայություն ունենալու դեպքում շատ հեշտ ինտեգրել իրար հետ»,- ասաց Ա. Ղուլյանը: