Այլընտրանքային լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ
06/03/2010 16:40

Այլընտրանքային լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ

Այսօր «ALTRO», «Elwood» և «NDP Group» ընկերություններն այլընտրանքը սիրողներին ներկայացնում են «The Best Underground Photography» լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց «ALTRO» ընկերության տնօրեն Հովհաննես Մարգարյանը` ցուցահանդեսին ներկայացված են ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները:

«Տարիքային և ոճային սահմանափակումներ չկան, և մրցույթի նպատակն էլ լուսանկարիչներին ճանաչում պարգևելն է»,- հայտնեց Հ. Մարգարյանը, ով տեղեկացրեց նաև, որ մասնակիցները լուսանկարների կոնցեպտ են ներկայացրել A2 ձևաչափում:

Հ. Մարգարյանի տեղեկացմամբ` մինչև հայտարարված վերջնաժամկետը` փետրվարի 28-ը, մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպիչներն ավելի քան 30 հայտ են ստացել, որոնցից ընտրվել են լավագույն 16 աշխատանքները: Նա նշեց նաև, որ պրոֆեսիոնալ ժյուրին` Հոլիվուդից, Իտալիայից և Էստոնիայից հրավիրված մասնագետներով, ընտրելու է լավագույն 3 աշխատանքները, որոնց հեղինակներն էլ մրցույթի հաղթող կճանաչվեն ու մրցանակների կարժանանան: Մնացած մասնակիցներին կտրվեն մրցույթի մասնակցության մասին վկայականներ:

Տեղեկացնենք, որ ցուցահանդես-մրցույթի պաշտոնական բացումը, որի մուտքը միայն հրավիրատոմսերով է, տեղի է ունենալու 19:00-ին «Elwood» ընկերության գրասենյակում` Տերյան 72-ում, սակայն ցուցահանդեսը գործելու է հաջորդ 2 օրերի ընթացքում էլ և մուտքն ազատ է լինելու բոլորի համար:
 

Այլընտրանքային լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ