.jpg)
Արման Սարգսյան. «Ես «սպանեցի» ճապոնացուն»
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Արման Սարգսյանը, ով ԱՊՀ-ի, Ռուսաստանի և WBL-ի վարկածով աշխարհի չեմպիոն է, մարտի 25-ին կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կանցկացնի իր առաջին մենամարտը Միացյալ Նահանգներում: Կապված այդ իրադարձության հետ` Արմանը հարցազրույց է տվել akboxing.ru-ին: Այն թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
- Արման, դու Ռուսաստանի, ԱՊՀ և սլավոնական երկրների չեմպիոն ես, աշխարհի չեմպիոնը` WBL-ի վարկածով: Ի՞նչը քեզ ստիպեց մեկնել ԱՄՆ:
- Շատ երկար եմ սպասել մենամարտերին: Մարտեր չկային, և ես ներկայացուցիչներիս կողմից իմ հանդեպ լուրջ վերաբերմունք չէի զգում: Ստիպված էի մեկնել ԱՄՆ` ճանապարհս շարունակելու համար:
- Հեռանկարներ չկայի՞ն:
- Իհարկե: Ողջ 2008 թ. ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ մենամարտել: 2007 թ. երկու մենամարտ եմ անցկացրել, իսկ 2009 ոչ մի անգամ չեմ հայտնվել ռինգում:
- Ո՞ր բռնցքամարտիկների հետ ես մարզվում:
- Այստեղ եմ ռուս բռնցքամարտիկներ Չուդինով եղբայրների և ուկրաինացի Իվան Ռեդկաչի հետ: Վերջերս մեզ միացավ նաև բելոռուս Յուրի Ռոմանովը:
- Արդեն 5-րդ ամիսն է` ԱՄՆ-ում ես: Ինչո՞ւմ է ռուսաստանյան և ամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբերությունը:
- ԱՄՆ-ում շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարտական պատրաստականությանը: Երկու օրը մեկ անգամ, եթե ոչ ամեն օր, ստուգողական մենամարտեր են կազմակերպվում: Դա պարտադիր է:
- Դաժա՞ն մենամարտեր են տեղի ունենում:
- Այո, շատ դաժան: Մաքուր մարտական նախապատրաստություն է: Ռուսաստանում դժվար է գտնել նման մրցակիցների, ում հետ կարող ես ստուգողական մենամարտ կազմակերպել: ԱՄՆ-ում ևս դժվարություններ կան, սակայն եթե կապերը հաստատված են, նման մրցակից գտնելն ամենևին էլ բարդ գործ չէ:
- Իսկ Ռուսաստանում ուշադրության կենտրոնում տակտիկատեխնիկական նախապատրաստությո՞ւնն է:
- Ավելի շուտ «դպրոց» են պատրաստում: Մարտական պատրաստականության մակարդակը շատ թույլ է:
- Բռնցքամարտի դպրոցը քեզ օգնե՞լ է ընկերական հանդիպումներում, և որքանո՞վ է փոխվել քո նախապատրաստության գործընթացը:
- Ռուսաստանում այո, բռնցքամարտի հիանալի դպրոց կա, գերազանց տեխնիկա, բայց ֆիզիկական ու մարտական պատրաստականության մակարդակը Միացյալ Նահանգներում շատ ավելի բարձր է: Այստեղ մարզիկներին հենց մարտերին են նախապատրաստում, սովորեցնում են համբերատար լինել մենամարտերի ընթացքում:
- Առաջընթաց զգո՞ւմ ես:
- Ռուսաստանում ես 70 տոկոսով էի պատրաստ, իսկ այստեղ` 100 տոկոսով:
- Ովքե՞ր են քո սպարինգ մրցակիցները:
- Հիմնականում` մեքսիկացիները: Մենամարտել եմ մի շարք ուժեղ բռնցքամարտիկների հետ:
- Մարտի 25-ին ԱՄՆ-ում անցկացնելու ես առաջին մենամարտը: Առայժմ հայտնի չէ, թե ում հետ ես մրցակցելու: Այդ մենամարտին նախապատրաստության ընթացքում ինչի՞ վրա ես շեշտը դրել:
- Մարզումներն սկսվում են վաղ առավոտից: Շատ ենք վազում, այդ թվում` նաև դեպի լեռները: Նաև հաճախակի սպարինգ մենամարտեր ենք անցկացնում:
- Իսկ նման մենամարտերի թիվը չափից ավելի մեծ չէ՞:
- Ոչ: Սովորաբար մարտից մեկ շաբաթ առաջ դրանք դադարեցվում են: Ինձ թվում է, որ եթե շատ ես ընկերական մարտեր անցկացնում, պաշտոնական մենամարտի ժամանակ ռինգում քեզ ավելի թեթև ես զգում: Երեկ Ֆրեդդի Ռոուչի մարզադահլիճում, ով մարզում է Մեննի Պակյաոյին, մի ճապոնացու հետ մենամարտեցի: Երկրորդ ռաունդում նա հրաժարվեց շարունակել մարտը: Ես նրան «սպանեցի» (ծիծաղում է):
- Իսկ երեկ, ընդհանուր առմամբ, քանի՞ ռաունդ ես անցկացրել:
- Մենամարտը բաղկացած էր 6 ռաունդից, սակայն ճապոնացին չդիմացավ և հեռացավ ռինգից:
- Իսկ նրան փոխարինող չկա՞ր:
- Բանն այն է, որ այստեղ նախօրոք պետք է պայմանավորվես, թե ում հետ ես մենամարտելու, և վերջ: Այստեղ, քեզնից բացի, շատերն են մենամարտում:
- Հասկացա. դու դուրս եկար, «սպանեցիր» նրան և հեռացար:
- Այդպես ստացվեց:
- Մեննի Պակյաոն այդ օրը մարզվո՞ւմ էր:
- Այո, երեկ նա այնտեղ էր: Շատ էին նաև լրագրողները: Եկել էր պրոմոուտեր Բոբ Արումը…
- Եվ ինչպիսի՞ տպավորություն թողեց Պակյաոն:
- Դե, մարդասպան է: